Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Ամեն հույս մարեցա՞վ ուրեմն, կրկնեցի Եղիզարին դառնալով:

—Ո՛չ, հայր սուրբ, օր մը մեր ցեղը հսկայի մը նման պիտի վերականգնի անիրավ աշխարհին առաջ։

Երգերուն տպավորությունը պարոն Ալեքսանդրի սարքած խաղերով անհետացավ. այդ միջոցին վանահայրը վաղեմի ճարտարություններ կկենդանացներ անասունի ձայներ կեղծելով.

Միա՜վ, միա՜վ… հա՛ֆ,հա՛ֆ…ֆը՛…ֆը՛…ը՛ֆ…

Տղաք տեղերնուն կցատկեին, իրարու վրա իյնալու աստիճան խնդալ են կջարդվեին, հոգնաբեկ մեջքերնին կբռնեին, մինչ իրենց աչքերեն արցունք կվազեր։

Ի վերջո վանահոր տաղանդը սովորական դարձավ։ Կարգը զվարճալի անեկդոտներունն էր։ Բոլորն ալ մեկ-մեկ բան պատմեցին, բայց Եղիազարին մնաց հաղթանակը, իր պատմության ամեն մեկ բառը քրքիշ կխլեր։

Վանքին բնակչությունը հոն էր՝ վեհարանին մեջ. իմ հաճույքս կկրկնապատկվեր՝ տեսնելով Շուշանը Խաչերին քով նստած, այտերը վարդագույն ու աչքերը կապույտ կայծերով լեցուն։ Քով քովի էին Շուշանին մայրն ու ծերուկ տնտեսուհին, որբերուն զվարթության իրենք ալ մասնակից, դռան առջև կայնած էին հոտաղներն ու ծառաներ։ Տարին անգամ մը կարժե քրիստոնեական հավասարությունը իրագործել զանազան դասակարգերուն մեջ, խորհեցա։

Դուրսը ձյունամրրիկ կար, անոր շունչը կուգար շոգեծածկ ապակիներուն չիմացված եղանակներ ըսել. բավական մը ունկդրեցի ձմեռ գիշերներու վրդովված սրտին շփոթ տրոփյուններուն. ինե զատ մեկը ուշադիր չէր անոնց և չեմ գիտեր ինչու՞ հպարտությամբ լեցվեցա:

Դուրսի աղաղակները փոխեցին տրամադրությունս ու նույնիսկ բաժնված նվերներուն բերած ծիծաղը չի կրցավ հանել հուսահատությունը, որ հոն էր սրտիս մեջ։ Ինչո՜ւ ասանկ շուտ կփոխվին տրամադրություններս. կերևի բանաստեղծ մը կապրի մեջս, զգայուն այլ հավետ անծանոթ ապրելու սահմանված բանաստեղծ մը։

Քաղաքեն քանի մը երիտասարդներ կաղանդի առթիվ, գուրգուրանքի փափուկ զգացումով մը, հակառակ ձյունին-բուքին՝ իբր համեստ նվեը՝ բերած էին գունավոր թղթածրարներ, լի գույնզգույն շաքարով։

Ծրարները բացվելով՝ անակնկալներ իրարու հաջորդեցին, մեկուն փոքր ջրաներկի տուփ մը կելլեր սատափե գրիչ մը ափին մեջ կխաղացներ ուրիշ մը, մեկ քանի հոգի կզմայլեին գրչատուփի մը կազմածին վրա, մինչ փոքրերը թմբիկներ կդափեին կանաչ, կարմիր լուրթ կապույտ