Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրնգափողերու վրա փչելով յուրահատուկ հրճվանքի մը թելադրած եղանակները: Վեհարանը անտանելի քրքիջներով, աղաղակներով կլեցվեր, մինչ կեսգիշեր էր արդեն:

Թերևս որմերուն վրա հանգչող այդ անտարբեր հայրպետները՝ երբեք ասանկ եռուզեռի մը ականատես եղած չէին. բայց ընդհանուր հոգնոթյուն մը զգալի կդառնար:

Վանահայրը կսկսեր մրափել, Եղյազարը քիչ վերջ մեկնացավ. մնացինք ես և պ. Ալեքսանդրը: Յուրանքաչյուրը իր նվերին վրա հիանալե հետո կուգար մեզի ցուցանել. կասկածոտները կքաջալերեինք ու դժգոհները գոհացնել կուզեինք: Հետո ամեն մեկը խնդրական ժպիտով մը կբերեր մեզի ընծայելու իր շաքարեն մաս մը. ատիկա փաղաքշիչ էր, մանավանդ որ Շուշանն ալ ընծաներու տարափին տակ կծածկեին, ու ես կտեսնեի անոր. երջանիկ ժպիտը գեղեցիկ դեմքին վրա:

Հրապուրի՜չ և հրեշտակայի՜ն էակ, հիմա կհասկանամ, թե ուրկե կուգա իր շնորհներուն մեկ մասը. բավական ատեն Պոլիս ապրած են. անցյալ օր մայրը պատմեց ինձ իրենց արկածալից ու աստանդական կյանքին դրվագները:

Խաչերը այլափոխվեր էր, սովորական տղան չէր, կվազեր, կոստոստեր ու գիրկե գիրկ կիյնար. այտերը կվառվեին ու բոլորս ալ՝ Շուշանեն սկսյալ, համբույրներո՜վ կողողեինք իր դեմքը, ուշադիր կըլլայի Շուշանի շրթներուն, հոն, ուր իր համբույրները կհպեին՝ իմիններս ալ եղբայր կուտայի անոնց և կարծես կզգայի ջերմությունն ու բուրումը կենսառույգ աղջկան: Կաղանդ գիշերով ասիկա պիղծ բան մըն էր. բայց հրայրքս չի կրցա զսպել:

Ժամը ութը կանցներ, երբ մեկնեցան որբերն ու Շուշանը՝ իրեններուն՝ հետ:

Ես երկար մնացի վեհարանին մեջ. ընկղմված բազմոցի մը անկյունը՝ կծծեի սենյակին տաք այլ ապականած մթնոլորտը: Որբերը տակավին ատեն մը շարունակեցին աղմկել ու երգել իրենց ննջարաններուն մեջ, ու երբ լռությունը իջավ վանքի վրա, այն ատեն դուրսի գիշերին արհավիրքով լեցվեցավ ամեն բան:

Ինչո՞ւ հանդիսություններե վերջ կտխրիմ, չեմ կրցած բացատրել, միայն թե մենությունն ալ զիս կընկճե. փառքը, երջանկությունը, հույսերը անարժեք են, երբ մարդ չի կրնար անոնց հաղորդակից ընել սիրելի մը... հապա ինչպե՜ս կրել այս բոլոր բեռը վանականի իմ խեղճ ու նկուն մարմնովս...

Հովը ավելի ուժգնությամբ կզարնվեր ապակիներուն. կցնցեր պատերն ու վանքին բոլոր անկյուններուն մեջ ապաստան փնտրելե հուսահատ