Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես կիյնան մարդիկ․ լավագույն միջավայրի մը մեջ կարողության մշակումն ու քննադատությունը զիրենք պիտի բարձրացներ, մինչ գոհացող, մտավորապես աղքատ շրջանակի մը հիացումը զանոնք կկասեցնե, ձգելով ինքնագոհ անփութության մեջ, որ անհատին մահն է։

Խե՜ղճ Արտակ, թերևս քեզի ալ վերապահված է նմանօրինակ ապագա մը․ վանքի մը անկյուն որբերու, գեղջուկներու և քաղքենի ուխտավոր տափակությանց մեջ պիտի քավես մեղքը, զոր գործեցիր՝ ընդունելով այս ապերախտ պաշտոնը․ ու օր մը, երբ ազազուն անդամներդ պարարտանալե վերջ կթոտին, երբ ծերությունը ձյունե մազերուդ և մորուսիդ ալ վրա՝ այն ատեն պիտի խորհիս, թե ընկերներեդ նվազ օժտվածներն իսկ քենե ընտրյալ եղան, բարձրանալով դիրքի ու աստիճաններու։

Հեգնող է բախտը, կրնա հասնիլ օրը, երբ թափորի մը մեջ դողահար հետևիս անոնց փառաշուք հանդերձանքին ու քալերուն,նվաստության ու ամոթի խարանը ճակատիդ։ Այն ատեն պիտի հասկանաս թե ի՞նչ ըրավ վանքը քեզի․ ահա հոս է վանահոր օրինակը։

Զափազանություն այս բոլորը․ հոս երկար չեմ կրնար մնալ, պիտի հետևիմ ձգտումներուս, կարողությանս թելադրանքին, սրտիս՝ որ փառասեր է ու կըսե․ «Նվիրապետության աստիճանները կրնան բացվիլ առջևդ»։

Արդյոք ինչպե՜ս պիտի տայի անդրանիկ քարոզ մը պատրիարքությանս առաջին կիրակին։ Սիրտս կտրոփե։ Ծովածավալ բազմություն մը ժամուն մեջ, ուր ձայնս կամարներուն տակ թև կառներ և պայթեր ալեծածան զանգվածներուն վրա։

Կսիրեմ Տուրինյանի խոսքին խորությունը, բայց կնախընտրեմ Օրումյանի պարթև ձայնն ու հռետորին շարժուձևը։ Ձայնը, շարժումը ու մտածումի արգավանդ հոսումը պետք է զիրար լրացնեն։

Այս որքա՜ն ծիծաղելի եմ ես ինքս իր մեջ․ թերևս ամեն վարդապետ ալ այնպես է,կամ նույնիսկ ամեն մարդ։

Ափիոնամոլներու կնմանիմ, որ ցնցոտիներու վրա երկարած ծիրանի կհագնին ու սովահար ստամոքսով կկարծեն բզմիլ համադամներու առջև։

Երաժշտության դասերն ալ նվազ սիրելի չեն ինձի համար․ միջակ ձայն մը ունիմ, բայց ձայնագրությունը հղկած է զայն։ Կսիրեմ երգել. անընդհատ շարունակի մը, երգի մը նագարաթը կամ սկիզբը կծամեմ։ Երգը ուրախություն չի տար ինձ, նույնիսկ տխրության պատճառ մըն է, կամ թե ավելի լավ պիտի ըլլար ըսել, թե որքան ալ անիմաստ, հիմար ըլլա անոր դարձվածքը, ինձ բնական եղող տխուր հոգիե մը կարձագանքվի։

Իմ երգս կնմանի քիչ մը փապարներե ծորող ջուրին, որ թորևս հստակ է, սակայն զինք շրջապատող տարրերու թխրությունը հագած: