Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ ձյունի շողուն անբծութենեն պարտասին աչքերս, կգոցեմ զանոնք` ձեռներս ծունկերուս վրա լքելով: Ան ատեն պզտիկ ու հեշտին սարսուռի մը հետ գաղջություն մը ճակատես կսահի այտերուս, համրորեն կաթելով մորուքիս մեջ. հետո կծավալի դեպի ուսերս ու իրանիս վրա, մինչև ընդարմացած ծունկերս: Այդ անդորրի րոպեներուն է որ Շուշանը կտեսնեմ հրաշեկ կոպերուս առջև, հպարտ ու գեղեցկորեն վայրի: Չեմ հուզվիր, ինչպես երբեմն. գեղեցկության մեծագույն վայելումն է իմինս, գեղեցկությունը գեղեցկության համար... այսօր միայն անգամ մը դողացի կարծեմ:

Հիվանդությանս, երբ մայրը բացակա էր քովես, զինք կտեսնեի սնարիս մոտ, աչքերուս ջերմին մառախուղին ընդմեջեն: Քանի մը անգամ դեղերը կարծեմ իր մատներով երկարեց բերնիս: Անխոս, հաճոյակատար ու հրեշտակային սպասարկու մը եղավ Շուշանը հիվանդ Արտակին:

Այս բոլորը ի՞նչպես կրնամ խորհիլ առանց բաբախումին, որ սովորական ատեն մը սիրտս կրնար խորտակել, երբ անոր փոքր մեկ հպումը բոց մը կբարձրացներ հոգվույս մեջ: Ես կնմանիմ գիտունին, որ իր անդամներե մին փորձարկումի կենթարկե սառն ու անփույթ...

Հիմա՜ր ես, Արտակ, այս հիվանդությունը քու փրկությունդ եղավ: Իրավ Շուշանին հանդեպ զգացածս սովորական բան մը չէր, սիրո սկիզբ մը կստեղծվեր: Իսկ հիմա լավ է եղածը. լավագույն է, միշտ անտարբեր մնալ... նունիսկ անկարեկիր:

ԺԴ

                                                                                                               Մարտ…

Կազդույրի շրջանին մեջ եմ:

Տակավին անհետացած չեն թոքային վարակումի մը մասին ունեցած կասկածներս, մանավանդ ձախ թոքս կվախեցնե զիս. երբեմն սուր ցավեր կզգամ հոն: Բայց վերահաս գարունը, մանավանդ ամռան օրերը վստահություն կուտան ինձի:

Առաջին օրերու հոգնաբեկ վիճակը չունիմ. զարմանալի և հեշտին վիճակ, որ մարելով ֆիզիկական բոլոր ուժերու կենսունակությունը, կյանքեն կզատե զիս, միտքս անբացատրելիորեն ջերմ մշուշի մը տակ ծածկելով, որուն մեջեն ինձ ամեն բան համրորեն կժպտեր կամ ես կժպտեի անոնց` ու իմ ժպիտը ոչինչ կրնար բացատրել:

Հիմա ուժերս կվերակարգավորվին, արդեն կրնամ քիչ մը պտտիլ համրորեն ու գինովի մը տատանումով: Շաբաթե մը ի վեր բանտված