Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեր ծոծրակներեն վար: Մենե քանի մը քայլ անդին տատրակներու խումբեր զվարթորեն գետինը կկտցահատեին, երբեմն հանելով մրմունջ մը, որ եկեղեցվույն սյունակապ և կամարավոր դռան ու բակը շրջանակող շինություններու քվանկյուներեն կստանար իր պատասխանը:

Գյուտեր կընեի այդ մարդու մեջ. ունկեդրելու հաճույքը քիչ անգամ ինձ համար այսքան ըղձալի եղած էր, իմ դառնությանս վերջին հետքերը կմեկնեին իր իմասուն և հայրական խոսքերով: Ուրեմն կգտնեի ընկեր մը, որ շատ կարդացած էր, կյանք տեսած, անոր համին տեղյակ. իր հանդարտ, կշռված մարդու դատողությունները ինե ներս կանցնեին, ինչպես միջօրեի անուշ արևին ճաճանչները:

Մեր խոսակցությունն ընդգրկեց նաև ազգային Աղետը, որուն անսահման տրտմությամբ մասնակից կերևար,քանի որ աչքերը մեկնե ավելի անգամ լեցվեցան. բայց վստահ էր մեր ապագային վրա: Չի բացատրեց, թե այդ լավատեսությունը ուրկե կուգար. ապահովված կխոսեր. թերևս մարգարեական հայտնասեսությամբ:

Չէ՛, ես նվազ փորձ, անհույս եմ հայուն ապագայի մասին. մեր աշխատանքը զուր է, քանի որ մեծ շահերու մեջ հածող պզտիկ շահ մըն ենք, ասով միասին չպիտի ջլատվիմ, ատիկա հատուկ է ծեր և հարուստ վարդապետին, եպիսկոպոսներու, որոնք ազգեն վշտացած և անկե քեն ըրած ըլլալու երևույթը կառնեն`զայն կեղեքելե վերջ: Երիտասարդ եմ,ապագա ունիմ, գոնե անանկ խոհած եմ հաճախ, ու մանավանդ մասնակցելով ազգիս տառապանքին` անոր ծառայած ըլլալու գոհունակությունը կունենամ:

Անդրադարձա նոր հաստատվելիք որբանոցին վրա. պարզեցի իրեն ծրագիրներս. շինել վարժարան մը թեմական դրամահավաքությամբ, որ կատարված է կիսովին, ուսուցիչներ գործի հրավիրել` ու շրջանին համար սերունդ մը ստեղծել` որ լուսամիտ և չարքաշ ըլլա, քահանաներ կամ կուսակրոններ պատրաստելու միտք չունիմ, որովհետև շատ են:

— Հետո` մեր շահերը... կվտանգվին, — ըսի:

Ժպտեցավ:

Իբր ամենուն երաշխիք` կարելի էր վանքին ընդարձակ հողերը մշակել տալ, բազմացնել դուարը, մեղվաբուծությունը զարգացնել ու նաև արտասահմանեն բարերարներ ճարել:

—Դժվար է հոս որբանոց մը պահել, — վրա բերավ խոակիցս,— բայց ժամանակ մը կրնան պատսպարվիլ այդ խեղճերը. վանահայրը ծույլ է և թշնամի ատանկ ձեռնարկներու. միայն թե` հուսահատելու չէ՛, զավակս...