Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քրքիջ մը սթափեցուց զիս: Փոքրիկ սափոր մը ձեռքը, տեսնես Կարոյին հետ կատակելով, գետեզր կիջներ:

Նայեցա իր հասակին, խարտյաշ մազերու հյուսքին, հպարտ քայլերուն: Երբ անհետացավ՝ վազեցի իր անցած ճամփուն վրա, վերադառնալու համար նորեն իմ տեղս:

Ետիս դարձա, ավագ խորանին արտաքին սապատն էր քովս ի վեր կանգնած իր նեղ, երկար լուսամուտներովը՝ աղեղնաձև ժանեկավոր հոնքերու տակ. աչքս ինկավ նաև հնօրյա գերեզմանին մը մութ խաչքարին վրա:

Երկուքն ալ խոժոռ ու սպառնալից թվացին ինձի. միույն ստվերին ու մյուսին ծանրության տակ պիտի հանգչի ամեն բան օր մը...

Արևը կանհետեր շոգելից հորիզոնին վրա, հեռավոր լեռներու ստվերին ետին. ու արդեն իրիկվան հետ կտրտմեի նորեն, որովհետև գիշերվան մենութենեն կսկսիմ վախենալ ես:

Ավելի ճիշտ՝ ուղածս չեմ գիտեր. ցերեկները գիշերվան կսպասեմ, իսկ մութին, երբ խորտակված ու հրեշային, ծուցս դառնամ Շուշանի լուսամուտին տակ երկար դեգերումներե հետո՝ աղոթարանի կապույտ շողերն կերազեմ ու կուլամ..

Ի

Ապրիլ

Եկեղեցիեն կդառնամ:

Խթումի արարողությունը կարճ սաղմոսերգությամբ մը լրացուի, մինչ հիմա հարյուրավոր տաճարներու մեջ բյուրավորներու բազմատարած ներկայության՝ հարության խորհուրդը կերգվի:

Որքա՜ն լավ էր ինձի համար անոնցմե միուն մեջ ըլլալ, ծծելու խունկը ու վայելելու համար ջահերու ոսկիին տակ ծաղկող դեմքերու ժպիտը:

Բայց այս իրիկուն ի՞նչպես աղոթեցի ես,Տեր Աստված:

Հիվանդութենես ի վեր երրորդ անգամն էր, որ եկեղեցի կերթայի. կարծեցի գոնե այս անգամ հոն մխիթարություն գտնել, բայց աղոթքի բառերն բան մը չեն բերեր, հետո այդ մենությունը, անբացատրելի մթնոլորտը, թափուր խորաններն ու անոնց առաջ քթթող հակումի կանթեղները կընկճեն զիս:

Զիլերու, ծնծղայի ձայներուն, բազմախուռն ամբոխի մը ժխորին, աղաղակներուն պետք կզգամ ահա:

Սերը երբեմն նեկտար մըն է, որ ցնորանքիս մեջ ինքնաբավ կդարձնե զիս, կկարծեմ երջանկությունը լիորեն վայելել մինչև մահվան օր մը,