Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց հանկարծ՝ թույնի պես այն կապականե արյունս սարսափներով համակելով զիս. դժոխքին, այլ անոր դողն ունիմ, երբ եկեղեցին եմ, խորանին դեմ, Ավետարանին առջև:

Այս երրորդ անգամն է, որ սերս գալարուն, պաղ սողուն մը կըլլա զիս զգետնելու համար: Այո՛, պարզ ու գալարուն օձ մը ..

Ժամուն մեջ սիրո վրա խորհիլ տվող շատ բաներ կան: Ինչո՞ւ աշխարհը եկեղեցիեն ներս մտած է կամ եկեղեցին աշխարհի մեջ ինկած:

Աստվածածնի պատկերը Շուշանը հիշեցնել կուտա ինձ մի՛շտ, մի՛շտ սիրտս կխոցվի, այլ ան՝ կարծեմ նույն պահուն մազերը երկու հյուսքի, դշխոյի մը խրոխտանքով համրաքայլ քովես կանցնի՝ մանկաժպիտ ու թախծադեմ:

Կնայիմ իր ետևեն, ժպտելու ատեն չեմ ունենար, որովհետև ահա կրոնականի հոգվույն դեմ եկեղեցին կհատնե իր բոլոր սաստերը: Դասին մեջ իսկ շանթահար ըլլալու երկյուղը կունենամ:

Արդար պատուհասում. թող սրբոց, երանելիներու, եկեղեցական սուրբ հարց զայրույթը շղթայազերծի գլուխս, ինչպես մրրիկը օվկիանի մը մենավոր և անօգուտ խութին վրա...

Ես կնախընտրեմ այդ վախճանը. անիկա նվազագույնն է չարիքներուն՝ զորս կյանքը դարանած է ինձ դեմ երիտասարդության և սիրո սնգույրին տակ:

Սակայն խթում է. Զատիկը պիտի ծագի վաղն իսկ Հայաստան աշխարհին վրա:

Ի՞նչ կա ինձ համար: Կհիշեմ, ծնունդին խորհեցա ցավերու վրա ազգիս. այն ատեն ըմբոստությունս նեռար մեր թշվառության և ավետված փրկության եզրերուն անհաշտութենեն. իսկ հիմա՞, երբ մերկ խուցիս մեջ՝ անմեղ օրագրի մը այս էջերը կմրոտեմ, ինչո՞ւ նույն վեհանեն թռիչքով չեմ խանգավառիր:

Բան մը եսական ըրավ զիս. սե՞րը: Բայց լսեր եմ և փորձովս գիտեմ, որ սերը գթած ու ազնվական կդարձնե հոգին:

Ես բան մը չեմ ուզեր կյանքեն երկար ատենե ի վեր, նախասիրություններս հրաժեշտ առին ինե, փառքի տենչանքն ալ մարեցի և ուրիշներու հաջողությունը անտարբեր կձգե զիս:

Ավելի կսիրեմ մարդիկը, իրա՛վ ավելի կսիրեմ... Որովհետև քանի մը անգամ ինձ այնպես թվեցավ, թե կուզեի երթալ, գրկել ու մաքուր համբույրով մը համբուրել որբերը, վանքին մարդիկը, նույնիսկ աղրահոտ հոտաղներն ու իրենց անասունները...