Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերը մաքրալույս արև մըն է, որ մռայլ օվկիանի մը, կյանքին վիհերը կլուսավորե, զանոնք շքեղացնելով:

Ուրեմն ինչո՞ւ այս սուրբ երեկոյին, տակավին խավարը չիջած, անձրևակոծ օրվան մը մեկնող մրմունջներուն հետ իմ սիրտս ալ չի հուսա...

Նորեն կհազամ ու միշտ ձախ կողս կկոտտա:

Կհասկնամ, ֆիզիկական այս տառապանքը կդառնացնե զիս: Կըսեն թե երկարատև հիվանդություն մը՝ ենթական եսամոլ, անհանդուրժելի, կրքոտ կդարձնե:

Իմ պարագաս ալ ա՛տ է թերևս. հետո մենավոր եմ սիրովս միասին, որովհեըև ան՝ զոր կսիրեմ տարակույսի նշույլն իսկ ունեցած չէ հատնումիս մասին, ու մինչ ամեն այս երեկո կրնա իր երջանկությունը ճանչնալ ակնարկի մը կամ համբույրին մեջ՝ ես զանոնք զուր կոգեկոչեմ ու կտառապիմ...

Բայց՝ ահա վանահայրը կպոռա: Անկուշտ անասունի մը ձայնն ունի այս մարդը, ես կսարսռամ իր ձայնին սաստկութենեն... այնքա՜ն քայքայված եմ:

Պետք է երթամ իրեն հետ խթումի ճաշն ուտելու:

Ուտե՜լ... ինչպե՞ս, երբ մեջդ կա բան մը, որ կաճի ու սնունդդ կըլլա քեզ ուտելով...

ԻԱ

Ապրիլ...

Զատկի արձակուրդը արդեն կվերջանա, և ես գոհացում գտած չեմ. ի՞նչ բանով կրնայի գոհ ըլլալ:

Առաջին օրերը քաջալերական թվեցան ինձի. կհուսայի Շուշանը ավելի մոտեն վայելել, ժամերով խոսիլ իր հետ և ո՛վ գիտե թերևս բաներ մը ըսել...չըսել, բայց հասկցնել:

Այսօր իմ սնանկությունս կա միայն: Չի կրցա երկարորեն խոսիլ հետը. քանի մը բառ ու ահա միշտ վերջացան ըսելիքներս, իբրև թե զրկված ըլլայի բազմակողմանի ծանոթություններե ու իմ խոսելու փափագս մարած ըլլար առահվետ: Կկենամ իր մոտ հաճախ,սարսռալի ու տրոփուն սրտով,հիմարություններ կըսեմ մեջ ընդ մեջ, անանկ խոսքեր զորս կատեմ, իմ թշնամիներս կնկատեմ, որովհետև, սերս միայն իրմով զբաղվիլ կսիրե ... բայց ինցո՞ւ կլռե իր առարկային առաջ:

Շուշան մանկունակ անմեղությամբ մը պատասխան կուտա, կարծես գութով լեցվախ կնայի դեմքիս, ու քիչ վերջ տիրող լռութենեն նեղված կերթա: Ես կմնամ քարացած, մտածման բարիքեն զրկված մարդուն դատարկ ուղեղով: