Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջալույսին դեմ երազող այդ ծավի աչքերուն, ինչու՞ հովիկի մը փայփայանքովն ու ողոքող մրմունջով չի ըսեր իրեն՝

—Կսիրե՜մ քեզ …

Անշուշտ պիտի ապշեր, շառագուներ ու գահավերժ խուսափեր ճիչով մը, որ մատներ ամեն բան:

Բայց կասկացնել զինք՝ իմ ձեռքս է. այո, կասեցնել, նայել իր աչքերուն մեջ անանկ մը, որ սերս դաշույնի մը պես իր սիրտն ալ խրի, և խոր ու մռայլ ձայնով մը նորեն կրկնել.

—Քեզ կսիրե՜մ, Շուշան…

Հետո՞…

Սիրո հիմարությունը անվախճան չի կըրնա ըլլալ, պետք չէ պարտկել անկարելին, անհունը՝ գծորոշ մարմնո մը ու մանր ուղեղի մը խուցին մեջ:

Իմ կիսափուլ շինվածքիս մեջ չեմ կրնար ծածկել սիրո հզոր շունչը: Սակայն բան մը չի կրցա ըսել ու չպիտի կրնամ երբեք...

Չեմ գիտեր որքան մը մնացինք լուռ, ես կանգնած, գետնամած աչքերով, ձեռնափայտով մը խաղալով գետնի հողերուն վրա, ինք նստած, նայվածքը դեպի գետակը ձգած: Մեկեն ոտքի ելավ, սարսռացի, ու ապշահար անգամ մը երեսս նայելե վերջ գնաց մինչև վանքին երկաթապատ դուռը ծանրաքայլ, անկե ներս ուժգին փախուստով մը անհետացավ:

Երկարորեն ետևեն նայեցա. ինձ այնպես կթվեր,թե ան միշտ նույն գահավեժ վազքով կերթար,այլ չէր հասներ,ու ես իր վախովը լեցվեցա:

Երբ բյուրեղային թափանցությամբ և թեթևորեն շիկնող եթերին դարձա քիչ վերջ, բոլոր իրերը անսովոր գեղեցկությամբ երևցան ինձի...

Զիլելու դաշն թինդերը կլեցնեին միջոցը, անդերու հեռավոր մեկ կետին գամփռ մը խռպոտ հաչյուն մը կնետեր մերթ ընդ մերթ:

ԻԲ

Ապրիլ…

Այս արձակուրդը կսկսի ճնշել վրաս. թող գան որբերը ժամ առաջ, հիմա միակ փափագս այդ է: Եվ արդեն չեմ գիտեր՝ ինչու՞ ուշացան, վագանսը լրացած է, կերևա պ. Ալեքսանդրը ծուլություն կընե:

Երկու շաբաթ առաջ մենությունը կփնտրեի իր գովքը հյուսելով, անոր քաղցրությունը զգալ կկարծեի, ինչպես անոր բերած սիրո հավերժական ժամերուն անձուկովն ալ լեցված էի: Իսկ հիմա նորեն ժխորին կդառնամ,