Բայց վե՞րջը այս զրկումներուն: Զգալ, ըղձալ անլուր ուժգնությամբ, ա՜հ սիրտս կզարնե, որովհետև զինքը հիշեցի ահա, հյուծիլ ու շուրջդ ամենքը միջավայրին պատիր թելադրությամբ զգաստացած, չիմանան այդ բոլորը, չի գուշակեն:
Կարելի՞ է տանիլ գաղտնիք մը մինչև ծայրը. ո՞րը գացած է… «Չի կա գաղտնիք որ չի հայտնվի», կըսե Ս. Գիրքը, բայց ահա հոս ամենուն մեջ եմ, Շուշանը, կանձկամ անոր կուրծքի, դեմքին, շունչին, ոտքերու դպրտյունին, մարմինիս կմաշի, ու մեկը չի գար այս մենությանց խռովալի մեկ վայրկյանի թերևս հպիլ, մրմնջելու ականջս վար՝
— Վրդապե՛տ… Արտակ, գիտեմ որ Շուշանը կսիրես…
Ատ բավ է, որ ես անոր գիրկը նետվիմ լալահառաչ, աղեխարշ ձայնով, բրածեծ տղու հեծեծանքներով… Այդ բոլորը բավ են ինձի համար իբրև խոստովանանք ու քավություն:
Վանահայրը բթացած է, Ալեքսանդրը թերևս ամփորձ մը, բայց կա մեկը, Եղիազարը, որ կրնա նայել հոգվույս խորը, որովհետև թափանցող է ան, գիտե լուծել գրի, կենդանիներու և պատկերի մանրամասն գաղտնիքներն. իմ գաղտնիքս պարզ է, շա՜տ պարզ… պա՞րզ է արդյոք… ուրեմն ի՞նչպես չի կրնա կարդալ:
Ատել է մասնագիտությունը, ան խորաթափանց հոգին անանկ անօգուտ նյութերու մեջ կմխրճե, որ այլևս անկարելի կըլլա անկե տարբեր տեղ նայիլ:
Եթե ե՛ս երթամ Եղիազարին հայտնել. միակ ելքն է ատիկա, և ան՝ միակ մարդը: Բայց ի՞նչ կրնա տալ ինձ. խրատներ, դասական իմաստության խոսքեր, նկարասերի ու երփնագրողի իր կյանքեն սիրո դժբախտ դրվագներ, կամ աշխարհը սկեպտիկի մը հայեկով դիտողի հորդորներ…
Բան մը չեն կրնար բերել այդ բոլորը, ես այդ ամենուն վրա կթքնեմ:
Սիրահարի սիրտը չի կրնար ամոքվիլ. իմաստության հորդորը էն մեծ ոճիրն է իմինիս պես սիրո մը դեմ, որովհետև իմաստությունը դարերու տառապանքներեն եկած ծերունի մըն է, զառամ ջատուկ մը, անզոր՝ երիտասարդի մը սիրույն առջև…
Բայց ու՞ր է իմ ուժս: Ահա որ կդառնամ նորեն, կատաղությունը ակռաներս կխտղտացնե, խածնել կուզեմ. կրնա ըլլալ, որ անոնց տակ թույն մը սպասե…
Դարձյալ կերգեն որբերը, որբերը բակին մեջ երգ մը կերգեն. ծանոթ է ան ինձի, բայց հիշողությունս չի կրնար ըսել, թե ո՞րն է: Երթամ տղոց շարժումին խառնվելու: Դուրսը գարուն է, ծիծեռնաները ժամուն դռան կամարակապին անկյունը բույն կշինեն ու գետինը շոյելով կապույտին մեջ կալանան: Ամեն կողմ կանաչություն ու ծաղիկ: