Ինձի ծանոթ չէ անոնց երևնալու պահը, բայց կկարծեմ, որ ամեն համեցող վայրկյանի հետ՝ հեռավոր արահետին վրա պիտի ծագի Շուշանի լուսաստվերը՝ ինք գեղանի և արագաքայլ, ետևեն՝ մայրը հոգնաբեկ ու դժգոհ...
Ինչպե՞ս ըլլար, որ մեկեն անցնեին բոլոր ժամերը, ու ան երևար...
Անկարելի հիմարություն մըն է այս, բայց ես հիմարությունը կնախընտրիմ և կճաշակեմ սիրույս առաջին օրերեն ի վեր...
Շուշանի պատկերն այլ համրորեն կկորսնցնեմ: Նստած մեծ դռան մոտ, սպսումեն հուսաբեկ, պարտասած հառումներես՝ կգոցեմ աչվներս, իր պատկերին նվիրվիլ կուզեմ. երևակայությունս կմերժե ինձի տալ այդ պատկերը: Այն ատեն, հնարքներու դիմելով, հիվանդությանս օրերը միտքս կբերեմ. եկեղեցին, բակն ու խոհանոցը, գետեզրի դալար անդերուն մեջ կփոխադրվիմ, ծանոթ շրջանակներու մեջ անոր պատկերը վերստեղծելու համար. չար ու անիծված միտքս չի գործեր, թերևս ալ կքայքայվի մասնիկ առ մասնիկ...
Երբ ամեն հնարք անղոր ըլլա, այն ատեն հուսահատությունս ալ կբեկի լարված դերձանի մը պես, ու ալ սիրո գինովությանը կապավինիմ:
Այդ լքումի վայրկյաններուն է, որ հանկարծ մեջս կիյնա ան. կտեսնեմ զինքը շքեղ ու բաղձալի. հազիվ վայելքին հպած՝ ահա նկարը կսուզի մեգի մեջ:
Այդ րոպեին մեկեն ատելության եղիճը կվերաճի մեջս, ինչպես այս տապանաքարերուն անկյունը՝ դաժան փուշը. Շուշանի նշանածը կտեսնեմ զազրադեմ, գարշելի, իր մեծ քիթով, մսոտ շրթունքներով, գիշատիչ աչքերուն վրա՝ նսեմ ճակատ մը:
—Ա՜խ, ի՞նչպես մեծ, լորձնոտ բերնովդ պիտի համբուրես իր աղվոր դեմքը, դո՛ւն, անասուններուն էն գծուծը, ի՞նչպես իր ճկուն մարմինը այդ փայտահատի թևերուդ մռջ պիտի տրորես… լռե՛, սիրտս, ըսածս գիտեմ…
Ես ալ գեղեցիկ չեմ, բայց մարդիկ ինե տգեղ են…
Ալ չեմ կրնար գրել. բա՛վ է ու շատ իսկ այս օրագրի անշահ կտորը, հետո ի՞նչ բանի կրնա ծառայել…
Գիտեմ, երբ հիվանդանոցի մը անկյունը տաժանալի հոգեվարքե մը վերջ մեռնիմ՝ աշխարհքեն մոռացված, օրաթերթի մը շահագործման նյութ պիտի կազմե…
Վադապետի մը օրագիրը հետաքրքրական է, չէ՞. մանավանդ վարդապետի մը սիրո օրագիրը, հազվագյուտ է ատանկ բան մը, հետո նոր