Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն երկարորեն կնստի հիվանդին քով. միայն վանահայրն է, որ անտարբեր կմնա այս ամենուն:

Վանքին կյանքը լռին է, սակայն լի տխուր գործունեությամբ. ամայի բակեն որբերեն մին կվազե երբեմն ձեռքը շիշ մը, կամ անձեռոց մը բռնած. հաճախ կիներն են, որ երազաքայլ կերթան հոս ու հոն:

Անշշուկ կանցնին ժամերը. չեն անցնիր՝ մենք կանցնինք: Որբերը հանցավորներու երևույթով կպտտին. ալ չեն երգեր, թեև երգերու ու հաճույքի եղանակն է աս. կուգան դռան անկյունեն կդիտեն Խաչերը ու կփախին:

Հիվանդության տասներորդ որն է աս. տղուն վիճակը ավելի ծանրացած կտեսնեմ: Արդեն նիհար, հիմա ափ մը դարձավ, գիշեր թե ցերեկ կհևա կամ բարձրաձայն կաղաղակե:

Աչքերը շիլ կնային, հաճախ սարսափով մը զանոնք կգոցե լույսին դեմ. կկծկվի վերմակին տակ ու երկար կմնա տաժանելի սարսուռով մը՝ խոսելով անհասկանալի, հատկտուն բաներ:

Գիշերը կզառանցե. ինձի հհամար դժնդակ է լսել իր զառանցանքը: Երբեմն անանկ կթվի, թե ես եմ զառանցողը, որովհետև զորավոր ջերմով մը ես ալ իր հետ կտառապիմ:

Երեկ գիշեր երկար ու աղեխարշ նվյուններե վերջ քանի մը կտրակված ձայն հանեց. հետո գլուխը ուժգնորեն վեր բարձրացնելով՝ պրկեց ջրթները, ճակատեն մինչև վիզը ջղային սարսուռ մը ինկավ. այն ատեն կրկին թավալեցավ բարձրին վրա: Այդ սենյակը պառկող տղաքը չեն քնանար, գիտեմ ես ատիկա. երբեմն իրենց թույլ հառաչանքը կլսեմ, կամ վախին ազդեցության տակ ամփոփվող անդամներու խոհհեմ շարժումները կտեսնեմ:

Խաչերը սկսած էր մենախոսել...

-Կուգա՜ն, մայր... կուգա՜ն... Հայրս սպանեցի՜ն... ինչո՜ւ զարկին. ահա մարմինը մեր պարտեզի ավազանին քով. չի՜ շարժիր... մեռա՜ծ է, մայր, ինչո՜ւ մարդիկ կմեռնին... կուլա՜ս, մայր...

-Մա՜յր, մա՜յր... ահա ծուխ կելլե պարտեզներու մեջեն... կարմիր բոցերը կալերուն վրա... «Ամբողջ հայ ազգը որբ է» կըսեիր... ճի՜շտ է: Ինչո՜ւ որբ կմնան փոքրերը...: Երբ Հայրս ողջ էր, դուն լալով կսիրեիր ժամուն դուռը կայնող որբերը... Հիմա վանքն եմ... ե՜րբ պիտի գաս համբուրել զիս... այս որբանոցը... Հոս չեմ կրնար ապրիլ ես... մայր: Քեզի գալ կուզեմ... աղվոր է դեմքդ, մայրի՜կ... քիչ նիհար կերևիս... կմտածես իմ վրաս ու կուլաս... ես ալ քեզ կերազեմ ու կուզեմ... Վանքը տխուր է... կվախենամ ես իր ժամեն, հոն ճերմակ մորուքով: