Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու ահա իմ սեփական մահվանս տեսիլը խոսեցավ ինձի: Տեսա ինքզինքս ժամուն մեջ, սև մահաբեմի մը վրան, երկու սպիտակ մոմերու մեջտեղ, դեմքս մահատիպ, մեղրամոմե տգեղ դիմակի մը պես:

Վարդապետական ծանր ու ոսկեդրվագ զգեստներ էի հագած, որոնցմե դուրս ինկած դժգույն ձեռներս խաչաձև, ոսկեպատ կարմիր ավետարանին վրան կհանգչեին. արյունի սև բիծերով աղարտած շրթունքիս վրան շատ տմույն նշխարք մը կդողար:

Կիներ ու աղջկանց խումբեր կուգային համբուրելու ձեռքս. լալագին մեկ երկու փոքրեր կփախեին քովես, ու ի վերջո Շուշանը կանցներ մարտիրոսուհիի լուսավոր, վես ու տրտում գնացքով, համակ սպիտակազգեստ, ձեռքը դեղին առէջներով շուշան մը...

Լեղապատառ ոտքի ցցվեցա...Սոսկալի է մահվան վրա խորհիլը, բայց ավելի սոսկալի ու դժնդակ է, երբ ապրող էակը իր մահը կտեսնե...

Զգացի, որ ճակատս կայրեր, հետո համրորեն՝ անկե սկսան թափիլ պա՜ղ, սառի չափ ցուրտ քրտնիքի շիթեր...

—Ի՞նչ ունիք, հայր սուրբ... կդողանք ... ի՞նչ եղավ որ կդողանք այդպես...

—Բան չի կա... հոգնած եմ... հանգչիլ կուզեմ, պ.Ալեքսանդր... Խաչերը հանգստացավ քիչ մը, անանկ չէ՞...

—Գացեք, ես կհսկեմ, դուք հանգստի պետք ունիք...

Անցա կամարավոր, մռայլ ու լռին նրբնցքներեն: Սնդուղին գլուխը թուղթ մը երկարեցավ ինձի. անսահման մթին միջոցով շրջանակված սպիտակ էջի մը վրա, սև խաչի մը տակ, որոշապես կարդացի.


Հանգիստ՝ Արտակ Վարդապետի


Հունիս...

Լ


Երեկ իրիկվան մոտ խաղաղություն եկավ Խաչերին վրա. կարծեցի թե բարելավության կդիմեր:

Մահը ասանկ սև խաղեր ունի, կըսեն, երկար կմաքառի մեր կազմվածքին հետ և զայն քայլ առ քայլ ավերելե վերջ, երբ գիտակցի իր տիրապետությանը, կքաշե ճանկերը հոգվույն վրայեն, կյանքին