Բոլոր այն շարժումը, ժպտացող դեմքերը, երգի ծածանող շեշտերը ինձի համար չե՛ն… ես կերազեմ կամ քնաշրջիկներու անփութությամբը կդեգերիմ:
Ալ ձգեմ գրիչս, հազը կխեղդե զիս:
Բայց ահա եկավ. ա՜խ, մահ, մահվան չար էությո՛ւն, ի՞նչ կուզես ինե, երբ այդպես ցցվելով կշարժես չարաժպիտ դեմքդ:
— Սահմանումներուդ ճակատագրիդ տերն եմ, — կըսե ինձի:
Լա՛վ, այդպես թող ըլլա. բայց մեր մեջ կռիվը անագորույն ուժով պիտի մղվի, մա՛հ. սիրո մեջ պարտված՝ հաղթական պիտի ելլեմ քու դեմդ: Պատրաստ ես ոգորումի, չէ՞, Արտակ…
Այո՛… բայց՝ լավ չէ՞ մահով հաղթել մահվան…
ԼԳ
Հուլիս
—Հա՛յր սուրբ, Շուշանս նշանեցի՛…
—Հա՛… լա՛վ… որո՞ւ…
—Քաղաքեն գրագիր մը, վարդի պես տղա, տննիվեր, շահն ալ տեղը…
— Կշնորհավորեմ … գոհ ես, անունկ չէ՞… երջանանի՛կ …
— Է՛հ, պարտքս էր կատարեցի. հարկա՜վ…
Առտուն կանուխ այս խոսակցությունը կդառնար իմ և Շուշանի մոր միջև բակին մեջտեղ, երբ հազիվ մեկ քանի ուխտավոր կիներ սափորներով կերթային գետեզր:
Անուշի քովեն հեռացա անբանի մը պես կրկնելով՝
— Շուշանը նշանվա՛ծ … վարդի՜ պես տղա…
Կսպասեի այդ լուրին, անհամբեր իսկ էի զայն լսելու. անիկա պաշտոնապես վերջ մը պիտի դներ իմ հույսերուս, և հետո կրնար քաջալերել նաև սիրո թուլացումը, որ մեջս ավելացավ Խաչերի մահեն ի՝ վեր. գոհունակության պես բան մը ունեցա ու ազատորեն շնցեցի քանի մը անգամ. հետո սառնորեն քննել սկսա, թե լուրը ինչո՞ւ հուզում չի պատճառեց ինձի և թե ի՞նչ կար, որ ես այդ լուրին վրա նայեի իբր ինե հեռավոր անձի մը կյանքին կապված եղելություն:
Այս բոլորին իբրև չքմեղանք կըսեի՝
— Հուզվելու կարողություն չի մնաց վրաս, քայքայված, լմնցած եմ, կշրջիմ իբրև բնական ստվեր մը հողին վրա. հայելիին մեջ սոսկումով միայն կրնամ նայիլ ինքզինքիս:
Երբ որբերուն հարկաբաժինը ելա՝ պ.Ալեքսանդր հարցուց.