—Վարդապե՛տ,Պոլսեն պատասխան եկա՞վ...
—Ո՛չ...թերևս մեկ-երկու օրեն առնեմ:
—Ազգայի՛ն գործ... ինձի այնպես կուգա, որ քու մեկնելեդ վերջ մենք ալ պիտի ցրվինք, ատոր կսպասեմ... ես ալ կտառապիմ հոս, վարդապետ...
Չեմ գիտեր ինչո՛ւ խնդալս եկավ այդ վերջին խոսքերուն վրա. հազիվ ինքզինքս կրցա զսպել, մինչ վարժապետը խստորեն երեսս կնայեր:
Հետո անխոս, առանց բառ մը արտասանելու իջա վար, դուրս ելա վանքի մեծ դուռնեն ու սկսա դեգերիլ դաշտերուն մեջ:
Պուրակներու ստվերները խեղդած են ամեն բան. կապույտ ու կանաչ չորս կողմը և անոնց մեջ դեգերող կարմիր զգեստներով հարսեր: Ցորեններն ու խոտերը բարձրացած են, տեղ-տեղ արդեն իսկ դալուկ մը հագած կերևին:
Արոտավայրերն ու ցորենի դաշտերը եզերող բարդիներու սլացիկ կատարները մեղմ հովե մը կշարժեին, ու ես, դիտելով անոնց տերևները՝ ժամուն քշոցները հիշեցի. աղեկ էր նմանությունը, արևին տակ պսպղուն քշոցներու հար և նման կշարժեին այդ գորշ տերևները:
Առուները չորցեր են, ու գետը խելոք մը կվարեր իր ընթացքը:
Ամեն ծաղկող բան հոս իր պտուղն ունեցավ, ես ամուլ մնացի միայն:
Երկար դեգերեցա. ամեն կողմ անփութորեն երկարած մարդիկ,կիներ ժրաջան, ժպտուն, փոշեթավալ ու պոռչտող մանուկներ գորշ վրաններու շուրջ. կրակներու վրա ճենճերող միսերու ճարպային բուռն հոտ մը մթնոլորտին մեջ:
Կանցնեի այս ամենուն քովեն անտարբեր, վատանուն ու երկարօրյա երազներե ելլողի մը անմիտ դեմքովը, անկանոն քայլերովն ու շարժումներով. երիտասարդ աղջիկները ուշադրությամբ կնայեին ինձի, մանավանդ արցունքեն աղոտ դեմքերնին տակավին թաց, ցնցոտիներով ու բոկոտն փոքր տղաք՝ կուգային շուրջս, առջևս կկենային՝ իրարու ձեռք բռնած, ծռելով գլուխնին, ձեռքերնին երկարելով ինձի, ի վերջո ապշահար՝ երեսիս ակնարկ մը նետելե հետո փախելու համար: Բան չէի ըսեր, չէի ժպտիր, կանցնեի մինակ, տեսնելով, գնահատելով այս ամենը՝ այլ ոչինչ չզգալով:
«Թերևս կխնդան իմ վրաս», — կխորհեի անփութորեն:
Գետեզրեն վեր ելլելով, երբ կրկին ցորյանի արտերուն քով հասա, հովը ծփանք մը կքսեր հասկերու կանաչ այտերուն՝ ու ես պահ մը հառելե վերջ, հոսանքներով խռովված լիճերու ափունքը գտնվողի մը