Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստված ինչո՞ւ չպատժեց իր տունն անպատվողները, աս ի՜նչ զարմանալի բան: —Ու ավելցուց.— Մեղա, մեղա, ամենասուրբ Երրորդություն, մեղա:

Այդ խոսքերուն պահուն իսկ կրկնվեցավ իր մեջ նույն հարցումը.

Սրտնեղած, կարկամ քայլերով աճապարեց դուրս ելլել: Տաճարին մեջտեղ կանգ առավ ու վեր նայեցավ՝ դեպ ի կամար: Հոն, կամարին մեջտեղը, երկու որմերն իրար կապող հաստ գերանին ետին կփայլեր Հիսուսին պատկերն իր հաստ արծաթյա շրջանակին մեջ:

Հրճվանք մը լեցուց քահանային սիրտը.

— Ան իր տեղն է,— անօրեններ չեն տեսեր, ինչ որ է…

Դուրսը ոստիկանները փողոցները խռնվող սովատանջ կիներու հաց կբաշխեին:

Քահանան անցավ անոնց մեջեն՝ զանոնք տխրորեն ողջունելով: Պտտեցավ թաղերն ամայի, քանի մը տուներ մտավ: Ամենքն ալ իրար լավ կհասկնային, և ոչ մեկուն մխիթարության խոսք մը գտավ ըսելու: Որբևայրի հարսեր հազիվ թույլ մը կհամբուրեին քահանային ձեռքը և խորունկ մը կշնշեին, որ խեղդված հառաչի կնմաներ: Պառավները կերերային բոպիկ ոտքերով, քուրջերու վրա ինկած, մեռելի կայուն ակնարկով ու երբեմն իրենց դողդոջ մատներով իրենց գլխի սև լաչակները կսեղմեին:

Տեր Բարթողը կարծր սիրտ մը ուներ, ինչպես բոլոր իր ընկերակիցները, ան շատ մահ տեսած էր, բայց հուզումեն կդողար տուն վերադարձի միջոցին ու իրեն անանկ կթվեր, թե հայուն գործը լրացած էր ալ: Աստված վերջին դատաստանը հայեն սկսած էր՝ կկարծեր: Երբ հրապարակեն կանցներ՝ տեսավ ամբոխ մը. կանգ առավ ու դիտեց:

Մարդ մը բարձր կաղաղակեր.

— Աս որու՞նն է… աս որու՞նն է՜,տեր չիկա… հե՜յ…

Տեր Բարթողը ավելի մոտեցավ ու տեսավ որ թալան եղած անպետ իրեր, կարասիկներ, հազար ու մեկ մանր առարկաներ հրապարակին մեջտեղ դիզված էին: Կառավարիչին հրամանով կողոպտված առարկաներեն մաս մը ավարառու խուժանին ձեռքեն ետ առնված էր տերերուն վերադարձնելու համար:

Քահանան խորհեցավ իր կարասինները փնտրել հոն, բայց հպարտություն մը, որ ատելութենե կուգար՝ արգիլեց զինքն ամբոխին մոտենալե ու տուն դարձավ շփոթած, հազար մտածումներու անձնատուր: Այդքան մտազբաղ վիճակ մը երբեք չէր ունեցած կրոնավորը կյանքին մեջ: Թերևս մոտալուտ փոթորկի մը սկզբնավորությունն էր աս: