Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա, աչքերը կիսախուփ կմրմնջեր անոր այն հրեշտակային աղապատանքի բառերը, որոնք մանկիկի սիրտը կթաքցնեն, և որոնց հիշատակն իսկ խանդաղատանքով կլեցնե զավկի հոգին, տարիներ ետքը, մայրիկի մահեն ալ ևտքը։

Բայց, ինչ էր վառարանի մեկ քովիկը դրված սա աղտոտ առարկան։ Տեղեն ելավ։ Զույգ մը կոշիկներ էին ցեխոտ, մաշած, ծակծկած։ Քիչ մը գարշանքով, ոտքի ծայրովը մեկդի ըրավ զանոնք իրենց նուրբ նոր փայլուն մուճակներուն քովեն, և վերցնելով քղանցքը, նայեցավ թե ոտքը աղտոտեր էր այդ հպումեն։

Սակայն գաղափարներու տարօրինակ զուգադրությամբ, մեկեն ի մեկ միտքը եկավ Նունիկը, իրենց սպասուհին աղջիկը, զոր երկու օրե ի վեր որբանոցեն բերել տվեր էին ծնունդը մորը քով անցնելու համար։ Հիշեց անոր վտիտ, ցամքած, վախկոտ դեմքը, ճակտեն վեր սոթթված անշնորհք մազերով, խեղճ հագուստները և մայրիկի պատվերը իրենց վարժուհիին որ տղոց կոշիկներեն զույգ մը տա անոր։ Ապահովաբար Նունիկինն էին անոնք, որ առջի իրիկունը վառարանին քով կայնած, ուշադիր դիտեր էր զիրենք երբ սոլերնին։ Հոն կը դնեին, և հարցուցեր ու հասկցեր էր պատճառը։

Տեսնենք Հիսուս ինչ նվեր կուտար անոր։ Ու ապշած մնաց անմեղ աղջնակը։ Թևերը, ոտքերը կոտրած հին խաղալիք մը։ Հապա Հիսուս, որ կը սիրեր աղքատները և մանուկները, ան ալ գրկանք կըներ այդ խեղճին։

Կոշիկներուն, պուպրիկներուն բաղդատությունը արթնցուց այդ ութը տարեկան ուշիմ աղջկան միտքին մեջ չքավորության և զրկանքի հեռանկար մը ամբողջ իրենց ճոխության և վայելքներուն հանդեպ։ Ձեռքը առավ աղքատին առջև նետված այդ տխուր նվերը իբրև չոր հացի պատառ մը։ Զարմանքով նշմարեց որ նախորդ տարվան իր խամաճիկն էր թևատ, կոտորած, փեթռտված, մեկդի ձգված։

Այն ատեն, գերբնականին առջև իր սքանչանքով դողացող մտքին մշուշը հալեցավ ընդհուպ, պատրանքներու քողը