Գառնիկ սեղմեց ծերունվույն իրեն երկարած ձեռքը ու խոնարհեցավ հարգանքով:
Իսկ Բուբուլ, որ կը համբուրեր իր բարեկամուհին, ըսավ երիտասարդին.
— Շատ երջանիկ եմ, պարո՛ն Գումարյան: Սրտիս ամենեն սիրելի երազը, ամենեն եռանդուն իղձը կ'իրագործեք դուք, ուրախություն բերելով քրոջս և դաստիարակչուհիիս զոր ջերմ գորովանքովս չեմ կրցած սփոփել ձեր բացակայության միջոցին:
Այս խոսքերը այնքան զմայլելի հնչումով մը արտասանեց Բուբուլ որ երիտասարդը անոր քաղցրությունեն հմայված՝ չկրցավ ուշադրություն ընել իմաստին:
— Ինչո՞ւ չես ուզեր խոստովանիլ, հարեց Սոֆի, թե եղբորմես հեռու կյանքիս միակ սփոփանքը եղար դուն:
— Ա՛հ, քո՛ւյր, կը գուշակեմ, ըսավ Գառնիկ, թե որքան բարեբախտ եղած ես այսպիսի ազնիվ անձերու հետ ապրելով և անոնց համակրանքը վայելելով: Չեմ գիտեր թե ի՞նչպես հայտնեմ երախտագիտությունս իրենց:
Գառնիկին ձայնը գրավիչ շեշտ մը ուներ, մեղմ և քիչ մը խորին, իսկ խոսելու կերպն ու շարժուձևերը այնքան շնորհալի էին որ, անմիջապես ազդեցություն ըրին ամենուն վրա:
Ծերունին իր տարակա որդվույն պատկերը տեսնել կարծելով Սոֆիին եղբորը վրա, բարի սրտի մը բոլոր խանդաղատանքովը համակրեցավ անոր իսկույն, և սկսավ հարցումներ ուղղել Եվրոպայի ուսանողական կյանքին զանազան պարագաներուն մասին:
Գառնիկ շատ պարզ և բնական կերպով նկարագրեց ամեն բան և այնքան սրամիտ խորհրդածություններով գունավորեց իր խոսքերը որ, ժամ մը չէր անցած տակավին, և երկու աղջիկներն ու ծերունին համոզված էին թե բարձր զարգացման տեր անձի մը և հմուտ արվեստագետի մը հետ կը խոսեին, թեպետ ան կ'զգուշանար իր անձին նկատմամբ ակնարկություն մը ընելե:
Սոֆի, հակառակ իր լռասեր նկարագրին, չէր կրնար եղբորը անձին վերաբերյալ հարցումներ ընելու բաղձանքին