Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ․ Գեղամոֆ չէր այն հայրերեն, որ հասարակության աչքին համեստ ներկայացնող ժպտումները ընդունիլ տար իր աղջկանը, խեղդելով այն վեհ բնազդները, զորս զարգացնելու համար այնքան ջանք կը թափեր վարժուհին։ Ժամանակին ու միջավայրին վրա տիրող բոլոր նախապաշարումներեն զերծ, կ՛ուզեր անկախ դաստիարակության մը բոլոր պահանջքներուն կազմակերպիչ։ Կ՛ըմբռներ թե փրկության վրա հիմնված ազատախոսությունը և ազատ վարմունքը մեծ և անկեղծ նկարագիր մը կարտահայտեն, և կը ժպտեր խանդակաթ, երբ այդ գեղանի փոքրիկ աղջիկը հրացայտ աչքերով կը վիճաբաներ ամեն ամեն բանի դեմ, որ անիրավ ու տգեղ կ'երեվար իրեն։

Իսկ Սոֆի տանը նախախնամությունը դարձեր էր, ամեն ոք, մինչև իսկ Տիգրան, այն հպարտ բնավորությունը, կը ջանար գոհ ընել զայն:

Երախտագիտություն և սեր շուտ արթնցան Սոֆիի փափուկ հոգվույն մեջ Գեղամոֆ ընտանիքին նկատմամբ: Իբրև կուռք կը պաշտեր Բուբուլը, և այդ աղջիկը երբ սիրեր, ա՛լ սահման չէր ճանչնար: Զգալու, եռանդագին զգալու, և այդ եռանդին զոհվելու կիրք ուներ: Անոր բարոյական պիտույքը, եթե ներելի է այսպես ըսել, շատ ավելի էր քան նյութականը: Վիշտը որ այնքան կանուխ խորտակեր էր այդ հեք էակին սիրո կապերը իր մատաղ հասակին մեջ, զրկելով զինքը իր ծնողքեն և այժմ իր եղբորմե, կը նետեր զայն այնպիսի հրեշտակի մը թևերուն մեջ որ սեր ու ժպիտ էր համակ: Ուստի կը կրկնապատկեր իր անձուրաց խնամքը իր աշակերտուհիին նկատմամբ քանի կը խորհեր թե առանց անոր լքված պիտի մնար թերևս Պոլսո մեջ անօգնական, իր պաշտելի եղբորը օգնելու միջոցներեն զուրկ:

Մեծաքայլ կը ծավալեր նաև Բուբուլին տաղանդը, աշխատիլը հոգնիլ չէր անոր համար, այլ պետք մը: Ուստի այս երկու ընտիր ուժերը այնպիսի հրաշալի արդյունք մը առաջ բերին քիչ ժամանակի մեջ որ, Բուբուլը շատ մատաղ հասակին մեջ, արդեն համբավ ստացած էր ազգային շրջանակներու մեջ:

Զանազան նշանավոր անձեր սկսեր էին անոր ձեռքը