Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրել, և թեկնածուներու թիվը կ'ստվարանար հետզհետե:

Այս կետը շատ երկյուղալի էր պ. Գեղամոֆին համար: Այնքան սիրելե, այնքան խնամելե ետքը, զրկվիլ այդ զզվելի էակեն՝ չապրիլ էր իրեն համար, և անշուշտ օր մը այդ երկյուղը պիտի իրագործվեր վերջապես:

Բարեսիրտ հայրը ստեպ իր աղջկանը շնորհքներուն և հաջողությանց տեսարանեն հափշտակված, կը գոչեր. «Աստվա՜ծ իմ, ի՜նչ պիտի ըլլա արդյոք իր ապագան»:

Այս խոսքը շատ անգամ սարսուռ ազդած էր Բուբուլին, որ հակառակ իր մանուկ հասակին, կը գուշակեր թե իր ամուսնության կ'ուզեր ակնարկել, և հաստատ միտքը կը դներ մերժել ամեն առաջարկ, որ պիտի բաժներ զինքը իր սիրելիներեն:

Սակայն պ.Գեղամոֆ անուշ երազ մը կը սնուցաներ. հարս առնել զայն որդվույն որուն հետ ազգականության կապ մը չուներ Բուբուլ: Մեծ եղավ պատանիին ուրախությունը, երբ հայրը այս հայտարարությունը ըրավ իրեն. ոչ նվազ ուրախությամբ լսեց Վարդանյանին աղջիկն ալ այս որոշումը, մտածելով որ այս նոր հոդը պատճառ պիտի ըլլար իրեն երբեք չհեռանալ այն տունեն ուր այնքան երջանիկ եղած էր: Անփորձ աղջիկը կրնա՞ր հասկնալ, մանուկ հասակին մեջ, թե ինչ էին իր զգացումները այդ տղուն նկատմամբ և թե ինչ պետք է ըլլային: Եթե չափահաս իսկ եղած ըլլար, առանց սիրո բուռն զորությունը ճանչնալու, պիտի կարենա՞ր միթե գիտնալ, թե անխոհեմություն էր այդ տկար համակրությամբ ամուսնանալու համակերպիլ:

Պ. Գեղամոֆ գրեց Բուբուլին հորը հավանությունը ստանալու համար, և ան, որ կրկին ամուսնացած էր Պիլեճիքի մեջ, պատասխանեց, թե ինքը չէր ուզեր երբեք միջամտել իր աղջկանը վերաբերյալ խնդիրներու, և թե բացարձակապես իրեն կը հանձներ անոր ապագան կարգադրելու հոգը, քանի որ որդեգրած էր զայն: Բայց, ըստ որում ամուսնանալու հասակ չուներ տակավին այդ դեռափթիթ ամոլը, և մանավանդ, որ Տիգրան իր ուսումը ավարտած չէր, որոշվեցավ որ մեկնի ան Գերմանիա երկրաչափության հետևելու, որուն այս