մեջ, առանց քու բարօրությունը անոր հետ բաժնել կարենալու:
Այսպես ցավը գրեթե բերկրանք կուտար բարեսիրտ աղջկանը, ժպիտը կ'սկսեր ճառագայթել իր բոսորագեղ շրթունքներուն վրա:
Հետևաբար այս միասիրտ ամոլը կը վայելեր համազգաց ընկերության մը բոլոր հեշտությունը այնպիսի ճոխ և ազատ կյանքի մը մեջ, ուր ամեն իղձ կ'իրականանար անպայման:
Պ. Գեղամոֆ մեծ դիրք մը կը գրավեր Պոլսո բարձրագույնընկերության մեջ, ուր երկու աղջիկները իբրև իր բուն զավակները ընդունված էին: Ամենուրեք մեծ հիացման առարկա եղած էին անոնք և իրենց տաղանդներովն ու գեղովը արդեն համբավավոր:
Բայց այդ եռանդոտ հոգիները չէին գոհանար պաշտվելով, ծափահարվելով: Հուր մը կը բորբոքեր անոնց հոդվույն մեջ, հուր նվիրական, որ վերջապես ծնունդ տվել էր օրիորդներու նորահաստատ ընկերության մը գեղարվեստներու մշակության նվիրված «Արվեստասեր օրիորդաց» անունով, որ կոչված էր մեծ դեր կատարել հայ իգական սեռի առաջադիմության տեսակետով, եթե իրենց ժամանակին և միջավայրին նախապաշարումները աղետքի սև տարափ մը չթափեին այդ զույգ ճակատներուն վրա լուսապայծառ:
Է
Գառնիկին գալուստը նոր հաճույք մը բերավ երկու աղջիկներուն կյանքին մեջ:
Հազիվ մեկ քանի օր անցեր էր երիտասարդին հասնելեն ի վեր, և արդեն սիրելի եղած էր ամենուն: Իր բնական կերպերուն մեջ այնքան փափկություն ուներ, վարմունքին մեջ այնքան լրջություն, և խոսակցության մեջ այնքան ճաշակ որ, անհնար էր ճանչնալ զայն և չհամակրիլ:
Այդ սակավաթիվ օրերը անցեր էին քույր և եղբոր միջև անվերջ խոսակցություններով, անցյալ վիշտերու և երջանիկ