պիտի տեսնեք հոն ճշմարիտ արվեստագետի գործերու, զորս հայրս Եվրոպայեն բերել տված է: Անոնցմե մեկ քանի ընդօրինակություններ ըրած եմ միշտ Սոֆիին առաջնորդությամբ: Եթե աշխատություններս հաճելի ըլլան ձեզի, ձեր շնորհավորությունները իրեն ուղղե՛ցեք, վասնզի իրեն կը պարտիմ ամեն բան:
Խոսակցությունը ընդհատվեցավ պ. Գեղամոֆի ներկայությամբ: Ամենքն պատշգամին մեջ հավաքվեցան, և նախաճաշը սովորականեն ավելի զվարթ տրամադրությամբ տեղի ունեցավ:
Ը
— Սքանչելի՛ վրձին, գոչեց Գառնիկ կանգ առնելով դաշտանկարի մը առջև, որ կը ներկայացներ ամայի ժայռ մը, ուրկե վար անհեթեթ հեղեղ մը կը գահավիժեր. միայնություն կը տիրեր չորս կողմը, մեկ քանի ծառեր ամեհի` իբրև առանձնության հսկա պահապաններ կանգուն կը կենային, դարևանդի մը ստորոտը, և արևը կիզիչ բոցով մը կողողեր դաշտն ու անդունդը: Անսահմանելի մեծություն մը կար այս անշուք տեսարանին մեջ, բնավ մարդկային գործ մը չէր տեսնվեր հոն: Բնությունն էր իր ամենեն մեծավայելուչ կերպարանքին տակ, և ամայության ոգին կը հեռացներ կարծես կենդանի արարածներն իր թագավորության սահմանեն:
— Այս գեղեցիկ գործը անցյալ տարի հորեղբայրս ղրկած էր մեզի Փարիզեն: Սալոնին հրաշակերտներեն մեկն է եղեր, ըսավ Բուբուլ:
— Տե՛ս իր ընդօրինակությունն ալ, և ըսե՛ թե բնագրին արժանի չէ՞, հարցուց Սոֆի:
Գառնիկ չէր ուզեր ծածկել թե բնական տեսարանները շատ քիչ համակրություն կ'ազդեին իրեն, վասնզի ընդհանրապես թերի էին և անկենդան: Նկարչության մեջ մարդկային կյանքը կ'ուզեր տեսնել ան, պատմական տեսարանները, որոնք ամենեն մեծ տեղերը կը գրավեն Եվրոպական մուզեոններու մեջ: