նվիրված ծաղիկ մը կրնար վրդովել զինքը, եթե տխուրիմաստ մը ունենար ան:
Մեկ քանի ամսե ի վեր Գառնիկ կատարելապես տեղեկացած էր դեռատի աղջկանը ճաշակին և զգացումներուն, ու իր մատուցած բոլոր փունջերը կ՚ապացուցանեին այն մանրակրկիտ հոգածությունը, որով կը ջանար ծառայել անոր հոժարությանը:
Այս սրտառուչ ուշադրությունը և բուռն ճիգերը զորս ի գործ կը գներ երիտասարդը իր բոլոր խնամքները աննշմարել ընելու համար, խորապես կը հուզեին Բուբուլը, որ կը գնահատեր այդ ամենուն արժեքը, և փոխարենը կը կրկնապատկեր իր գորովն ու մտերմությունն անոր նկատմամբ:
Առտու մը, սովորականեն բոլորովին տարբեր փունջ մը ստացավ Բուբուլ. գեղանուրբ ճաշակով զետեղված էին հոն ծաղիկները իրենց գույներուն ներդաշնակության համեմատ, մանիշակին քով վարդը, վաղենիկը, ալկեոնը, շուշանը, կապուտակ հակինթին քով ամերիկյան խառշածաղիկը, նարկիզը, քողահեղձը, բոցադեզ ատոնիսին և ծիրանի հինածաղիկին ծովասնցուկին տժգույն թերթերը, և նվաղկոտ եղրևանին քով սիլվիո դալար տերևները կը ցոլային յուրաքանչյուր գույնի շողն ու շնորհը բազմապատկելով:
Երկու աղջիկները հիացան, և ամեն ջանք թափեցին զայն լուծելու համար, բայց չհաջողեցան: Հականիշ ծաղիկներ այնքան մոտ դրված էին իրարու որ անհնար էր իմաստ մը հանել:
—Պետք է որ ինքը բացատրե մեզի ասիկա, գոչեց Բուբուլ, և պարտեզ վազեց արտորանքով:
Ամսե մը ի վեր ապարանքին մեջ չէր բնակեր այլևս Գառնիկ, միայն շաբաթ իրիկունները կուգար, կիրակի օրը անոնց հետ կ՚անցըներ և երկուշաբթի առտու կը մեկներ: Աշխատանոց մը բացած էր հիմակ Ղալաթիո մեջ, և սկսած էր իր արվեստը կիրարկել: Այս պարագային մեջ ալ, թե՛ նյութապես, թե՛ բարոյապես ձեռնտու եղած էր իրեն Սոֆի, նվիրելով անոր բոլոր խնայողությունները, և ան իր բոլոր արվեստը,