Էջ:Collection works of Sibil.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանդիսականներու շքեղությունն ալ համապատասխան էր այս պատրաստությանց։

Լուսավառ ծառուղիներուն ընդմեջեն խաբուսիկ երևույթներու նման սողոսկող զգեստավորները այնքան շող, այնքան ճանանչ, այնքան փայլ, այնքան շարժում կը հարուցանին ամենուրեք, և ժապավեններու, ծաղիկներու, ադամանդներու երևույթները այնքան արագ կը մերձենային ու կը հեռանային հոգեհմա նվագի մը շեշտերուն հետ, որ կարծես գունագեղ ամպեր էին հողմավար։

Այնքան ակնախտիղ էր տեսիլը, մոգական երևույթը, և քաղցրալուր նվագը, որ յուրաքանչյուր հանդիսական մը դյութվեր անով, առանց կասկածելու թե ինք ալ մեկ մասը կը կազմեր։

Այդ ընդհանուր հիացման մասնավոր առարկան էր Բուբուլ, և հասարակաց խոսակցության նյութը Տիգրանիին երջանկությունը։

Հանկարծ վալսի մը եղանակ հնչեց, և թեթեվասույր զույգեր սլացան ընդարձակ պարտեզին մեջ, օդային այսերու նման խլրտելով ու հետզհետե երագելով իրենց շարժումը։

Գառնիկ Բուբուլին հետ նետվեցավ ամբոխին մեջ։

Հրեղեն բոց մը կարծես կը վարեր այդ զույգը փայլագեղ, որ կը դառնար ոլորապտույտ, և յուրաքանչյուր շարժում զոր կուտար պարը թափառիկ առատ վարսերուն ու մարմնույն շնորհալի աղջկան, նոր խանդ ու ավյուն կը ներշնչեր անոր։

Ամեն ոք հոգնա էր արդեն պարելե, բայց շքնաղ ամոլը կը շաունակերժամե մը ի վեր, մեծ զարմանք և հիացում ազդելով ամենուն, որ կը դիտեին զանոնք ակնապիշ։

Հանկարծ ծափահարությանց բուռն աղմուկը թնդաց պարտեզին մեջ։

Երկու պարակիցները կանգ առած էին։

Տրովատորը իր հրաշագեղ թագուհին մեկուսի խորշ մը տարավ, ուր միակ նստած էր Տիգրան, և բոլոր բազմությունը հետևեցավ իրենց շնորհավորելու համար զանոնք։

Հայերեն, Ֆրանսերեն, Հունարեն, ամեն լեզվով հաճոյական մեծարանքներ կը տեղային Բուբուլին շուրջը, որոնց ամենուն ալ կը պատասխաներ շնորհալի բառով մը։

— Ո՞ր մեկ ձիրքիդ վրա հիանանք, սիրելի Բուբուլս,