Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց ետևեն, և գլուխնին դարձնելով տեսան որ քըրըքճի Մանուկ աղան էր իր աղջկանը հետ:

— Ա՜հ,դո՞ւք եք, օրիորդ Լյուսի, բարի՚րիկուն, պատասխանեց Բուբուլ:

— Աս ատեն ո՞ւրկե կուգաք, մյուսյու Գառնիկ, հարցուց քըրըքճին:

— Քիչ մը պտըտել ելեր էինք, պատասխանեց երիտասարդը, հետո մտքին մեջ կասկած մը ծագելով հարցուց, դո՞ւք ուրկե կը դառնաք:

— Ես հոս նստեր էի, Լուսիկը ծաղիկ ժողվելու գնաց:

Լյուսի հորը խոսքերը չլսել ձևացնելով.

— Ո՞ւր էիք որ ձեզ չտեսանք, հարցուց Բուբուլին:

— Անտառին վերի ծայրը քիչ մը նստեցանք, և անչափ գեղեցիկ էր բնության տեսարանը, որ ժամանակին անցնիլը չզգացինք, պատասխանեց:

— Ի՜նչ դժբախտություն որ ուր ըլլալնիդ չէի գիտեր, քովերնիդ կուգայինք: Երկու օրե ի վեր զձեզ չեմ տեսեր և այնչափ կարոտցեր եմ որ առանց կարգի նայելու՝ վաղը պիտի գայի: Բայց հանցանքը իմս չէ որ զձեզ միշտ կը ձանձրացնեմ, այնչափ սիրուն եք, որ անգամ մը ճանչցողը ա՛լ չի կրնար զրկվիլ ձեզմե:

Եվ մտերմորեն կը սեղմեր անոր ձեռքը, և մութը որ ամեն կողմ պատեր էր, կը ծածկեր իր գաղտնիքներուն մեջ այն հեգնոտ, այն չարամիտ ժպիտը, որով կը նշուլեր քըրըքճիին աղջկանը դեմքը, մինչև իր ձայնը անուշ ու հնչուն սիրալիր խոսքերով կը փայփայեր զայն:

Ա՜հ, եթե գիտնար Բուբուլ թե սուտ կը խոսեր ան, եթե գիտնար թե զինքը տեսեր և անտառին մացառներուն ետևեն լրտեսելու եկեր էր ծաղիկ փնտռելու պատրվակավ բաժնվելով հորմեն, զզվելով ետ պիտի քաշեր իր ձեռքը և սոսկումով պիտի հեռանար անկե:

Հե՛ք աղջիկ, պետք էր անգետ մնար այս ամենուն՝ որպեսզի բախտին իրեն սահմանած աղետքը կատարյալ ըլլար: