Էջ:Collection works of Sibil.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տալ անոր ամենեն անմեղ, ամենեն խոհուն վարմունքին:

Աղեխարշ նամակներ՝ որոնց մեջ կը տիրեր սև թախծություն մը և անզուսպ, անսահման, հյուծող ու մեռցնող կիրք մը, կուգային ամեն օր ստվար թուղթերով վերիվար հուզել դժբախտ աղջկան հոգին. թե զինքը չէր սիրեր Բուբուլ, թե իրեն նվիրվելու գաղափարը երբեք ունեցած չէր, թե իր նյութական անկարողությանը պատճառավ չէր ուզեր ճակատագիրը իրեն հանձնել, թե Գեղամոֆներու փառավոր դիրքին շլացած՝ չէր կրնար անոնցմեն բաժնվիլ: Եվ այնուհետև կուգային տառապանքի նկարագրություններ սաստիկ, մելամաղձոտ, շատ անգամ ահռելի: Ահա՛ իրեն տված քանի մը օրվան երջանկության գինը: Եվ կը թրջեր զանոնք Բուբուլ ջերմ, դառն, կրակե արցունքներով, ջղային ցնցումներով, որոնք երբեմն մեկ-երկու օր անկողին կը ձգեին զինքը:

Բայց ասոնք չէին տկարացներ իր սերը, վասնզի նույնիսկ այդ հոգեկան ջղուտ սարսուռները, այդ նրբություններն էր, որ կը սիրեր երիտասարդին վրա, և անոնցմե կրած տառապանքներուն միշտ բարձր հիացում մը կը խառնվեր, որ իրեն ուղղած նախատական տրտունջներուն իսկ ծայրահեղ զգայնության երանդ մը կուտար: Այդ աղջկան հանճարին մեծ մասը սրտին մեջն էր: Իր աիրո ամենեն բուռն վայրկյաններուն մեջ իսկ կը խորհեր ու կը զատեր միշտ: Իր իղձերուն սաստկութենեն ավելի իր սիրելիներուն օգտին կ՚ունկընդրեր, և ամենուն համար տանջվիլը պարտք կը համարեր իրեն: Անմռունչ կը կրեր վիշտերուն բեռը, իր բոլոր ուժը սպառելով բնավ մեկուն ցավ չպատճառելու գերագույն ճիգերուն մեջ: Կա՞ սակայն անդորրություն զգայուն սրտի մը համար, որ հանցանք մը գործած ըլլալու գիտակցությունը ունի. և ապերախտության հանցանքը գործած էր Բուբուլ:

Նոր դպրոցի վերաբերյալ վիպասան մը պիտի ծիծաղեր անշուշտ այս տողերուն վրա, և փարիզուհի մը թերևս «տխմար» անվաներ Բուբուլը իր խղճի խայթերուն համար: Այլ լավ դաստիարակված հայ աղջիկը որուն մեկ տիպարը կրնա համարվիլ օր. Գեղամոֆ, մտային զարգացման ու