Էջ:Collection works of Sibil.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արվեստագետներ, ընկերության անդամուհիները, որոնց մեջ Բուբուլ, Սոֆի և Գառնիկ, և վարի կողմը երիտասարդներու երիտասարդուհիներու խումբ մը ու անոնց հետ Տիգրան և Լյուսիկ քովե քով:

Քըրըքճիին աղջիկը, որ Բրինքիբո ժամանակ ունեցած էր երիտասարդ երկրաչափին ճաշակն ու բնավորությունը ճանաչելու, աչքերը խոնարհած համեստորեն կը նկարագրեր իր հոժարությունները բոլորովին համաձայն անոր բաղձանքներուն, մինչև իսկ կերակուրներու մասին հարմարելով անոր ախորժակին, մինչդեռ բոլորովին հակառակը կը մտածեր ինք:

Սեղանին վրա խոսակցությունները, որ առաջ ցած ձայնով սկսած էի, հետզհետե կը բարձրանային գինիին ազդեցությամբ, և մերթ կընդհատվեին բաժակի բարեմաղթություններով:

Ընթրիքը զվարթությամբ և կանոնավորությամբ կը շարունակվեր ամենուն համար, բացի երկու դժբախտ սիրտերե, որոնք Տիգրանին ուղղյալ ջերմ մաղթանքները լսելով կը տրոփեին, անսահմանելի էլեկտրականությամբ մը հաղորդակցելով իրարու հետ, քրքիջներու, նրբամիտ կատակներու, հաճոյական մեծարանքներու հոսանքին ընդմեջեն՝ զիրար ըմբռնելով:

Հանկարծ ընդհանուր լռություն մը տիրեց: Հայր Գեղամոֆ ոտք ելեր էր, և իր դողդոջուն, բեկյալ ձայնովը կը խոսեր, բայց այնքան ցած, որ ամենքը կը հարցնեին իրարու թե ի՛նչ կըսեր: Փսփսուք մը սեղանին մեկ ծայրեն մյուս ծայրը կը կրկներ հետզհետե բոլոր կոչնականներերն արձագանգվելով, թե հարսնիքը ամիսե մը տեղի պիտի ունենար:

— Կեցցե՛ պ. Գեղամոֆ, կեցցե՛ն նորատի խոսեցյալները, գոչեցին մեկ քանի ձայներ, որոնք կրկնվեցան ամեն կողմ զվարթ աղաղակներով:

Տեսա՞ծ եք փոթորկյալ ծովը, որ հանդարտ էր պահ մը առաջ: Ահարկու շառաչյուն մը կը հնչե հեռուեն, կը մոտենա տակավ, կը թաձանցե ալիքներուն ծոցը. և ահա ծփանքները կսկսին դողդղալ: Այն հստակ ու ժպտուն հայելիին տակեն հազարավոր մռայլ գլուխներ երևան կելլեն, կը գոռան