չէր պարապեր: Այլևս ոչ վեպ կը կարդար, ոչ ալ դպրոցի անգղիերեն կոտերով հեկյելույաներով լեցուն երգերը կը զրուցեր: Չէր գիտեր թե գլխուն մեջ իր մասնավոր վիպերգն ուներ ան, որուն կնճռոտություններով կ՚ըզբաղվեր գիշեր ցերեկ:
Խաղի թուղթերը միշտ բարձին վրա, մեկ երկու ժամը անգամ մը զանոնք ձեռքը կառներ բասիանս մը բանալու համար անոր հաջող կամ անհաջող ելքին մեջ որոնելով իր անձկալից խոհերուն պատասխան մը:
— Ինչո՞ւ անգամ մը չեկավ զիս տեսներ, կը հարցներ ինքնիրեն այն հավակնոտ ու անփորձ հավատքով, զոր կունենա ընկերութենե հեռու ապրած նորատի աղջիկ մը, առաջին անգամ իրեն ուշադրություն ընողը սիրահարած կարծելով իրեն ու կսպասեր անհանգիստ, կսպասեր անհամբեր, օրերը, շարաթները, ամիսները համրելով, և երևան չէր ելլեր Տիգրան:
Բայց երիտասարդին համար զգացածը սեր մը, համակրանք մը, խանդաղատանք մը չէր ամենևին: Մտքեն անգամ չէր անցըներ իր սրտին հարցնել, թե կը սիրեր զայն: Անոր հարստությունը, փառքը, անունը շլացուցած էին զինքը, և կուզեր ատոնց տեր ըլլալ, նախանձած էր երբեմն Բուբուլին վիճակին, և կուզեր անոր տեղը անցնիլ: Այդ թեթև գլխուն մեջ՝ զարդարանքի, զվարճության կիրքը ամեն բանի տեղ կը բռներ, և կը կարծեր թե երջանիկ ըլլալու համար ատոնցմե զատ բանի մը պետք չուներ:
Տիգրանին իրեն համար ունեցած հակման մասին վստահ, զոր գրավելու համար ճիգ չէր խնայած, Բուբուլը միայն կը տեսներ խոչընդոտ իր քայլերուն, և անոր մեջտեղեն վերնայեն ետքը, կը զարմանար թե ինչո՞ւ կը հապաղեր Գեղամոֆ մոտենալու իրեն:
Չէր գիտեր թե ցուրտ երիտասարդը բոլորովին մոռցեր էր զինքը, և թե բոլոր ձմեռը, զոր մեկ քանի բարիկամներու հետ անցուցեր էր Տիգրան (ծերունվույն մահվընեն քանի մը շարաթ ետքը զորապետը Պոլսեն մեկնած ըլլալով) ուրիշ բան