Էջ:Collection works of Sibil.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աչքերը ավելի պզտիկցուց արտևանունքին կրկնակ շարքը իրարու մոտեցնելով, ինչպես սովորություն ուներ մեծ որոշում մը տալե առաջ, և պահ մը այդպես խորհելե ետքը գոչեց.

— Ե՛ս ալ հետդ պիտի գամ:

Բախտագուշակ կինը շատ աղեկ մեկներ էր Մանուկ ազային կնոջը երազը, ըսելով թե երեք օրեն, երեք շաբթեն կամ երեք ամսեն ուրախառիթ լուր մը պիտի առնեին: Իսկ նորատի աղջիկը ապահովեր էր թե բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ մը, որ գիշեր ցորեկ իր վրա կը մտածեր, հետը պիտի ամուսնանար մոտ ատենեն, բայց մեջտեղը պզտիկ հիվանդություն մը կար, որ անվտանգ պիտի անցներ:

Արգարև այն օրեն ի վեր երեք շաբաթ անցած չէր տակավին, երբ իրիկուն մը կառք մը կեցավ իրենց դրան առջին: Մեկը եկեր էր Ալեմտաղի տանելու Մանուկ աղան՝ Բերայեն հոն օդափողության եկող հարուստ ընտանիքի մը տղուն ոտքը ճմլված ըլլալով՝ զայն զարմանելու համար:

Որքան մեծ եղավ Լուսիկին զարմանքն ու բերկրությունը երեք օր ետքը, հորը Ալեմտաղիեն դարձին, երբ Բեմպե հանըմ երկչոտությամբ հարցնելով այնչափ ուշանալուն պատճառը, ինչ որ կասկածի մեջ ձգեր էր զիրենք ,քըրըքճին պատասխանեց, թե երկու օրե ի վեր Տիգրան էֆենդիին տունը հյուր մնացեր էր, թե ան ճանչցուցեր էր զինքը այդ ազնվական մարդոց, սակայն խեղճ երիտասարդը իրիկուն մը որսորդութենե դարձին ցուրտ առնելով ջերմե բռնվեր էր, որ մեկ քանի անգամ հետզհետե կրկնվելով նիհարցուցեր էր զինքը:

— Հիմա միտքը դրեր է, էֆենդի՛մ, հարեց, Սկյուտար իջնել ինքզինքը վարպետ բժիշկի մը ցուցնելու համար ինծի ալ ապսպրեց, որ տուն մը գտնեմ իրեն:

Լուսիկ եթե չամչնար, հորը վիզը պիտի փաթթվեր զայն: Համբուրելու համար, կամ ուրախութենեն պիտի լար եթե ինքզինքը բռնել չգիտնար:

Բեմպե հանըմին երազին մեկնությունը իրականացեր էր: Այդ բարի լուրը, այդ անվտանգ հիվանֆությունը զոր ճիշդ