Էջ:Collection works of Sibil.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարավ, ելնարանեն ցատկեց, վար իջավ: Քանի մը վայրկյան ետքը, շոգենավին անիվները կը թավալեին փրփրալից հորձանքի մը մեջ, տարուբերելով շրջակա մակույկները, անոր սույլը երկարաձիգ արձագանքի մը պես կը վազեր ալիքներուն վրայեն թռչելով անհունության մեջ:

Բուբուլ ջղային հուզումով մը նավուն վերնահարկին պղինձե ձողերը բռնեց ուժգին, և հոն անշարժ կեցած՝ դիտեց իր սիրելին, որ թաշկինակը կը շարժեր հեռուեն, մինչև Շահպեր առավ տարավ զինքը անջրպետին մեջ անհետ ընելով վերջին կետը մակույկին ուր կ՚ամփոփվեր իր բոլոր հոգին:

Այն ատեն, քայլամոլոր անցավ սրահեն, իջավ նավուն ստորնահարկը որ դատարկ էր, և այնտեղ առանձին ինկավ նստարանի մը վրա գրեթե զգայազիրկ:


ԼԳ

Նոյեմբերի վերջերը, շաբաթ իրիկուն մը մտավ Բուբուլ իր հորը հետ Պիլեճիք ջորիի մը վրա հեծած, մեկ կողմը ունենալով իր ճամբու անկողնին հակը ու մյուս կողմը՝ փոքրիկ սնտուկը իր չնչին իրեղեններուն: Վասնզի Պրուսայի ճամբուն վրա կանոնավոր օթևաններ չկային այդ թվականին, և ուղեվորները խաներու աղտոտ անկողիններուն մեջ պառկելու հարկեն ազատ մնալու համար՝ ստիպված էին հետերնին տանիլ իրենց անհրաժեշտ պիտոյքը:

Երեք օրե ի վեր մեկնած էին Պրուսայեն, ուր անցուցած էին իրենց ուղևորության առաջին գիշերը Ենի-Շեհեր խանի մը մեջ, և անկե անդին երկու գյուղերու միջև ամայի տերպենտի մը խցիկին մեկ անկյունը իջևաներ էին գաղթականներու ընտանիքի մը ընկերակցությամբ, վարը սրճարանին մեջ լսելով մինչև լույս գինով ջորեպաններու, գոլճիներու աղմկալից հայհոյանքն ու կռվոտ խոսակցությունները:

Այնքան խորամուխ էր դեռատի աղջիկը իր ցավատանջ մտածմանց մեջ, որ այս պարագաներեն ոչ մեկը կ՚ազդեր իր սրտին: Բաժնված էր Գառնիկեն. և ասկե ավելի ծանր բան