Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջքը գունավոր շալ մը կապած, որ առջևի կողմեն կ՚երևար ասովիյե երեսով կարճ մեուշտակին ներքևեն:

— Բարև՛, Ֆարիս տուտու, ըսավ Արթին աղա, միշտ տաճկերեն լեզվավ:

— Բարի եկաք, պատասխանեց տիկինը, որ տան տիրուհին էր, քառասունը անց կին մը չոր, նիհար, ինչպես պիլեճիքի ժողովուրդը ընդհանրապես:

Այն պահուն ներս մտավ հաճի Տիրաճան աղան իր անդրանիկ որդվույն Կմեսին հետ: Երկուքն ալ իրենց ավանդական շալվարովն ու վրայեն եվրոպական վերարկույով, և բարևներու սովորական փոխանակութենեն ետքը, բազմոցին վրա ելան նստան ոտքերնին ծալած:

Սենյակին մեջ բնավ կարասի չկար. բացի փայտե սեղանե մը, որուն կոշտ ժանյակներով եղերված ճերմակ լաթե ծածկոցին վրա կը վառեր մութ կապույտ լամպար մը: Վարագույրներն ալ նույնպես ճերմակ լաթե էին միևնույն տեսակ ժանյակներով, ինչպես բազմոցին ծածկոցները: Եվ այս բարձրագույն շքեղություն է Պիլեճիքի:

Արթին աղա կանխավ գրած էր իր խնամիներուն թե ծաբաթ օրը քաղաք պիտի մտներ, և անոնք ի պատիվ Բուբուլին հացկերույթի մը պատրաստություն տեսած էին: Հետզհետե ուրիշ հյուրեր ալ եկան բազմոցները լեցնելու: Իսկ դրան բազմվածքեն նայող ու փախչող աղջիկներուն հաշիվը չկար: Սրվան հետաքրքրություն էր Բուբուլ:

— Հա՛րս, պոռաց հանկարծ Ֆարիս տուտուն, և Հոռիբ ներս մտավ խոշոր ափսե մը ձեռքը, որուն մեջ օղիի, ջուրի գավաթներ, շիշեր, աղանդների պնակներ շարված էին: Նորատի կինը սենյակին շրջանակը ըրավ յուրաքանչյուր հյուրի առջև հինգական վայրկյանե ավել սպասելով ոտքի վրա, և Բուբուլ հիացմամբ կը դիտեր անոր սիրուն, անուշիկ դեմքը, ճապուկ շնորհալի հասակը որուն թերությունը պոլսուհու մը նրբութենեն զուրկ ըլլալն էր միայն, և անդիմադրելի բաղձանք մը կ՚զդար անոր մոտենալու, զայն իր քույրը կոչելու:

Ֆարիս տուտու դիտողություն ըրավ թե երկու քույրերը իրարու կը նմանեին, և ամենքը համամիտ գտնվեցուն: Հետո,