Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցին Տիգրան առիթ չփախցրուց հեգնական ակնարկություններ ընելե կաթնագույն գիծերով մութ կապույտ սյուտա շրջազգեստեն սկսյալ՝ մինչև փղոսկրե փոքրիկ քարտապահին նուրբ կիսաձեռնոցներուն վրա, որոնց ցանցակերպ հյուսվածքեն ներքևեն ականակուռ մատնիները կը փողոփողեին:

Վերջապես այդ մանրակրկիտ ու խնամոտ պաճուչանքը ավարտեցավ, և սենեկապանուհին վերջին գնտասեղը կը զետեղեր ամոր օձիքին մեկ ժապավենին վրա, երբ Լյուսիկ ըսավ հրամայական ձայնով մը.

— Ես քողս կը դնեմ, Էլենի, դուն գնա՛ նայե սետյանները պատրա՞ստ են:

— Ի՞նչ սետյա, հարցրուց Տիգրան զարմանքով:

— Այցելության համար երկու սետյա բերել կուտամ կոր:

— Վարը ախոռը երկու կառք կա, սետյան ի՞նչ պիտի ընես, հիվա՞նդ ենք ի՞նչ ենք:

— Մե՜ղք, որ այսչափ ատենե Բերա կը բնակիս, կառքով այլցելության կ՝երթացվի՞:

Ատոնք ո՞ւր սորվեցար, Լո՛ւսիկ, հորդ տունը կառք տեսած ունեի՞ր:

Տիկին Գեղամոֆ ինքզինքեն ելած՝ հրացայտ նայված մը արձակեց ամուսինին վրա, իբր, թե զայն շանթահարելու համար, և բիրտ ձայնով մը.

— Դո՜ւն հարուստի տղա ես հե՜, չտես մը քեզմե աղեկ է, ըսավ:

— Լուսի՛կ, ես սետյա չեմ նստիր, պոռտաց Տիգրան կնոջը ի վեր:

Ես ալ կառք չեմ նստիր, պատասխանեց Լուսիկ միևնույն ձայնով:

— Ուր կ՝ուզես հոն նստե, ես դուրս կ՝ելլամ կոր, ասիկա միտքդ պահե՛ և նայե՛, որ մեյ մըն ալ հետս կատակի չելլես:

Ասոնք ըսելով սենյակեն մեկնեցավ արագ քայլելով:

Քըրըճիին աղջիկը մտիկ ըրավ անոր ոտնաձայնը՝ հուսալով ըրածին զղջալով ետ կը դառնա, բայց երկու վայրկյան ետքը դրանը ձայնը լսեց, և պատուհանը վազելով տեսավ, որ կը հեռանար առանց անգամ մը ետին դառնալու: