Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. Ո՜ ՏԱԼԻԹԱ

Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի
Կապելագ, ո՛ Տալիթա։
Բե՜ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պըղպըջա։

5 Ի՜նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,
Ունիմ ձեռքեր քընքշենի.
Եվ ի՞նչ փույթ թե դուն աղջիկ մես ջըլեբաց՝
Որ բանվորներ կընդունի։

Կատեմ կիներն՝ որոնք դիմացն հայլիին
10 Դիմաներկեր կը շաղվեն.
Կը ծըծցընեն Ծերակույտի անդամներ
Տըռփանքներով տարորեն։

Դահլիճներուն փարթամ կիները կատեմ.
Իրենց կավատն է՝ ոսկին․
15 Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենք
Տան շընիկեն կը սպառին։

Բե՜ր, Տալիթա՜, բե՜ր գարեջուրն, ու նըստե
Ծունկիս վրա՝ թույլ տալով
Որ աղախնի կարճ քղանցքեդ երևնան
20 Բումբերըդ՝ սև գուլպայով։

Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,
Եվ թող շեմին վրա երգե
Գինով աշուղն՝ հառած բիբերը մեզի,
Բիբերը զարկ կըրակե։