Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք միայն արձանագրում ենք այն տխուր փաստը, որ հայ ժողովրդի բախտի համար խոշոր, վճռական նշանակություն ունեցող րոպեներին ժողովրդի գլխին կանգնած չեղավ մի այնպիսի ուժեղ մարմին, որն ընդունակ լիներ նրա փրկության համար օգտագործել հենց նույն այդ ժողովրդի հոգեկան ու ֆիզիկական բոլոր կարողությունները։


Այդ փաստն իր բազմաթիվ պատճառներն ունի, որոնք այստեղ չենք թվի, բայց այդ պատճառների շարքում երկրորդական նշանակության չունեին Խորհրդի կազմը և նրա գործեր վարելու եղանակը։


ժողովրդի բախտը տնօրինողները լուսավոր ուղեղներ և սրտի մեջ վճռականություն ունեցող մարդիկ պետք է լինեն։ Եվ լայն պետական մտքով, նախատեսության և նախաձեռնության ձիրքերով լի քիչ մարդիկ երևան եկան Ազգային խորհրդում։


Հայտնի է նույնպես, որ Խորհուրդը կոալիցիոն էր՝ 6 դաշնակցական, 2 սոցիալիստ-հեղափոխական, 2 սոցիալ-դեմոկրատ, 2 ժողովրդական կուսակցությունից և 3 անկուսակցական։


Այսպիսի կազմի շնորհիվ հարցերը վճռվում էին ոչ թե ձայների մեծամասնությամբ, այլ ֆրակցիաների համաձայնությամբ, համաձայնության գալու համար փոխադարձ զիջումներ էին անում և ամեն միջոց վերածվում էր կես-միջոցի, որը Խորհրդի գործունեության մեջ կործանարար եղավ։ Արտակարգ պայմանների համաձայն արտակարգ որոշումներ պետք է կայացվեին։ Իսկ այդպիսիները չէին կարող անցնել իրար հակառակ կուսակցությունների փոխադարձ համաձայնության սկզբունքով։


Պատմառազմագիտական, դիվանագիտական, քաղաքական կարևորագույն և ամենանուրբ խնդիրները, որոնց հաջող ելքը երեք– քառորդով շտապ, ծածուկ որոշումից էր կախված, Խորհուրդը զարմանալի դանդաղությամբ էր վճռում և համարյա ամենքի աչքի առջև։


Ազգային խորհրդի այդ պակասավոր կողմերն այն հետևանքներն ունեցան, որ հայ ժողովրդի համար բազմաթիվ գեղեցիկ հնարավորություններ ձեռքից թողնվեցին։


Բայց մենք հավատում ենք, որ դեռ ամեն ինչ կորած չէ և Խորհուրդը կարող է հերոսական ջանքերով ցանկալի հետևանքների հասնել։