Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասենք՝ առանձին անհատներ այն ժամանակ էլ նախազգում էին ահռելի վտանգների հնարավորությունը և անհանգստություն էին արտահայտում։


Մտածող գլուխները պնդում էին, որ ոչ թե հեղափոխության[1] նվաճումների, այլ միայն իր ֆիզիկական գոյության համար պետք է լարի հայ ժողովուրդն իր աշխատանքը։


Նշանավոր գրողը հետևյալ խոսքերն էր գրում. «Մենք նման ենք այն ձկներին, որոնք լողում են սառը ջրի մեջ և չգիտեն, որ ջրի տակ արդեն կրակ է վառած և ջուրը շուտով կեռա»։


Ավա՜ղ, ջուրը շատ շուտ եռաց։


Ռուսական զորքերը հեռացան, տաճիկները սկսեցին առաջ շարժվել։ Ծայր առավ մկան և կատվի դաժան, անողոք խաղը։ Չթվենք իրողությունները՝ նրանք բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են։


Ամեն կողմից հայ ժողովրդի գլխին փլվեցին կործանարար արշավանքները։ Հարվածները տեղում էին և՛ ճակատից, և՛ թիկունքից, և՛ դրսից, և՛ ներսից։ Բոլորը միմյանց խառնվեցին՝ թշնամին ու բարեկամը, յուրայիններն ու օտարները և բոլորից միայն վնաս էր հասնում հայ ժողովրդին՝ միայն վնաս, միայն կործանում, միա՜յն ավեր։


Ու այս անսովոր ծանր օրերին հայ ժողովրդի բախտի տնօրինողը դարձավ Ազգային խորհուրդը։


Ի՞նչ կարող էր անել այն Խորհուրդը, որի գործունեության ուղին գծված էր հենց կազմվելու ժամանակ և որն իր անդամակագմով և կազմակերպման սիստեմով հենց այդ տեսակ աշխատանքի էր հարմարեցրած։


Մենք կարծում ենք, որ նա շատ բան չէր կարող անել, իսկ այն, որ նա կարող էր անել, չի արել։


Մենք չենք ցանկանում մեղադրել Ազգային խորհրդին և պատասխանատվության ենթարկել նրան կատարվածի համար։ Մենք միայն բախտից ենք վշտանում։

  1. Խոսքը 1917 թ. փետրվարյան հեղափոխության մասին է։