Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ, և Հ. Քաջազնունուն մնաց վարելու արտաքին գործոց նախարարությունը։


ժողովրդական կուսակցության աչքի ընկնող և ղեկավարող անդամները չկամեցան Հայաստան գալ և Խորհրդի անդամներ նշանակեցին Ստ. Մալխասյանին և Արշ. Մխիթարյանին, որոնք և մեզ հետ մեկնեցին Երևան։


Սոցիալիստ-հեղափոխականների կողմից Հայաստան անցավ Արշ. Խոնդկարյանը, իսկ սոցիալ-դեմոկրատների կողմից՝ Հ. Ազատյանը. քիչ ատենե հետո Երևան եկավ նաև չեզոք Ստ. Մամիկոնյանը, իսկ նրա ընկերակից Տ. Բեկզադյանը մնաց Թիֆլիսում։


Դեռևս մեր Թիֆլիս եղած ժամանակ պարզվեց, որ վրացական կառավարությունը փոխել է իր տեսակետը սահմանների վերաբերմամբ։ Լոռին և Ախալքալաքը հայտարարված էին վրացական հողամասեր։


Մինչդեռ Սեյմի օրով Ն. ժորդանիան, Ն. Ռամիշվիլին և մյուս աչքի ընկնող վրաց ղեկավարները բանիցս հայտարարել էին, որ Լոռին և Ախալքալաքի գավառը, լինելով զուտ հայաբնակ գավառներ, ինքնավարություններ մտցնելու պարագայում պիտի միանան Ալեքսանդրապոլի նահանգին և պիտի կառավարվեն հայերով, ու հայ լեզուն այնտեղ պիտի լինի գերիշխողը։ Բայց պետություն կազմելով՝ մեր հարևանները լեզուները փոխեցին և ռազմական տեսակետներով վերոհիշյալ գավառները Վրաստանին միացած համարեցին։ Մեր դիմումներն ու բողոքները մնացին ապարդյուն։


Լոռին արդեն Վրաստանի ձեռքն էր, իսկ Ախալքալաքը գրավված էր տաճիկների կողմից։ Պարզվեց նաև, որ վրաց ղեկավարներն աչք ունեն Դիլիջանի ձորի վրա և իրենցն են համարում մեր երկիրը մինչև Ջաջուռ և Սեմյոնովկա։


Հայաստանին բան չէր մնամ, մանավանդ եթե նկատի առնեինք Ազրբեջանի կառավարության պահանջները, որով Ղարաբաղն ու Զանգեզուրը, ինչպես նաև Նախիջևանը, Շարաբը, Սարմալան և Կարսի նահանգը, «որպես մահմեդական երկրներ», պիտի մաս կազմեին Ադրբեջանին։ Մեզ «զիջեցին» միայն Նոր Բայազետի գավառի հյուսիսային շերտը։