Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպիսով՝ Հայաստանը պարփակվում էր Սևանա լճի շուրջը՝ առանց ելքի, օղակված և շրջապատված թշնամիներով ու առաջուց իսկ դատապարտված կորստյան։


Այս էր գլխավորապես պատճառը, որ ժողովրդական կուսակցության անդամները հանձն չառան կառավարական պաշտոններ ստանձնելու և երկրորդական նշանակություն տվին Հայաստանին։ Նույն աստիճան անտարբեր էին դեպի իշխանությունը հայ սոցիալ-դեմոկրատներն ու սոցիալիստ-հեղափոխականները։


Դժվար եղավ նորակազմ կառավարության համար նույնիսկ դիվանագիտական ներկայացուցիչ նշանակել Վրաստանում։ Հով. Խունունցը և ուրիշները մերժեցին ընդունել այդ պաշտոնը և կառավարությունը ստիպված եղավ նշանակել Արշ. Ջամալյանին, որը սիրված չէր վրացիների կողմից։


Գրավիչ չէր Հայաստան մեկնելը, և ո՞վ գիտե, գնացողներն ի՞նչ վտանգի էին ենթարկվում, քանի որ տաճկական զորքը Երևանից յոթ վերստի վրա էր կանգնած։ Ուստիև շատ ականավոր ընկերներ ու գործիչներ մնացին Թիֆլիսում և միայն հետագայում Հայաստան եկան։


Ուզում եմ ասել, որ թեև անկախ հանրապետություն, սեփական կառավարություն ունեինք, բայց չկար ոգևորություն կամ հույս, թե պիտի կարողանանք խեղդող օղակից դուրս հանել հայ ժողովրդին։ Տաճիկները շարունակում էին գրաված պահել Նախիջևանից սկսած մինչև Ուլուխանլու-Ալեքսանդրապոլ-Ջաջոա երկաթուղագիծը։ Գրավումից ազատ էին միայն Երևանի գավառի մի մասը, էջմիածնի գավառի մեծագույն մասը, Նոր Բայազետի գավառը, Դարալագյազը, Դիլիջանի գավառը (Ղազվին[1] գավառի լեռնային մասը) և Զանգեզարը, որը ոչ մի իշխանության ենթակա չէր։


Տաճիկ զորքը ձգված էր երկաթուղու երկարությամբ՝ Ջուլֆայից սկսած մինչև Ղարաքիլիսա։ Հայկական կառավարությունը յոթ վերստ տարածության ունեցող մի երկաթուղագիծ ուներ ...

  1. Վրիպակ է. պետք է լինի՝ «Ղազախ»։