Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 102

Սիմոն Վրացյանը ՀՀ իշխանության կենտրոնական

մարմինների կազմավորման ընթացքի և Թիֆլիսից

Երևան տեղափոխվելու մասին


<...> Այսպես ուրեմն՝ ընդ հուր և ընդ սուր անցնելով՝ Հայաստանը կոչվեց անկախ պետական գոյության։ Ցնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց նրա անկախությունը։ Ընդհակառակը՝ շատերի համար նա նկատվում էր դժբախտություն։ Հիվանդ երեխա աշխարհ բերած մոր պես հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգավոր և շշնջում ականջին. «Դու իմ ուրախությունն ես, դու՝ դժբախտությունը իմ ...»:


Այո, արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը։ Շատերը չէին հավատում նրան, «անկախություն» ու «հանրապետություն» բառերը նրանք դնում էին չակերտի մեջ։ Եվ այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր, իրոք որ, զարհուրելի էին պայմանները, և անկախությունն այդ պայմաններում հեգնանք էր թվում։


Փաստորեն՝ հայերի ձեռքում մնացել էր մի փոքրիկ հողաշերտ՝ հազիվ 12.000 քառ. կիլոմետր աղքատ ու կիսակործան մի երկիր՝ կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական։ Սով ու հիվանդություն, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտորածի սարսափ։ Իսկ մյուս կողմում՝ էնվերի բանակը հաղթական, համաթրքական երագներով տոգորված, որ Հայաստանի մարմնի վրայով ձգտում էր դեպի Ապշերոն ու Թուրքեստան։


Այսպիսին էր դրությունը Հայաստանում, իսկ Թիֆլիսում տիրում էր կատարյալ շփոթ։ Մայիսի 26-ից հետո հայ-վրացական հարաբերությունները լարվել էին ծայր աստիճանի, վրացիները, արբեցած իրենց անկախությամբ ու գերմանական հովանավորությամբ, թշնամանքով էին նայում «ռուսների փեշից պոկ չեկող» հայերին, որոնք, իրենց հերթին, վրացիներին համարում էին դավադիր, դավաճան,