Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա զինվորները պատասխանեցին հայերեն, «բարև, հազար բարի»։ Դիլիջանցիները պատրաստել էին հյուրասիրություն և հաջորդ օրը հանդիսավորությամբ ճանապարհ դրին Երևան։ Զորքերը բռնել էին ճանապարհի երկու կողմերը։ ժողովուրդը բարեմաղթություններ էր անում։


Սեմյոնովկայում աղ ու հացով ընդառաջ եկան ռուս ազգաբնակչության ներկայացուցիչները և գնդապետ Ս. Սամարցյանն իր գնդով։ Ավ. Սահակյանն ընդունեց աղն ու հացը, դիտեց զորքերը և ողջույնի խոսք ասաց հավաքվածներին։


Ելենովկայում խռնված էր ահագին բազմություն մերկ ու թշվառ գաղթականների։ Ռուս բնակիչները հեռացել էին Հյուսիսային Կովկաս և նրանց տները բռնել էին Կարսի, Շիրակի, Ղարաքիլիսայի հայ փախստականները։ Երևանի ազգային խորհուրդն այստեղ բաց էր արել մի ճաշարան և ձրի կերակուր էր տալիս ավելի քան 5.000 մարդու։


Հուլիսի 19-ին երեկոյան դեմ հասան Ախտա։ Երևանից եկել էին դիմավորելու Արամը և տեղական կառավարության անդամները։ Փողոցի գլխին կանգնած էին զորքն ու զինվորական նվագախումբը։ Ավ. Սահակյանն ընդունեց հրամանատարի զեկուցումը, ապա զորամասերը, կանոնավոր շարքերով, դրոշակները պարզած ու երաժշտությամբ, անցան Ազգային խորհրդի ու կառավարության անդամների առջևից։ Տեսարանը հուզիչ էր։


Հայկական կորպուսի սպայակույտը զորքավար Թ. Նազարբեկյանի գլխավորությամբ հյուրերին ընդունեց Քանաքեռում, ուր պատրաստված էր թեյասեղան, որի միջոցին արտասանվեցին հանդիսավոր ճառեր։


Ուշ երեկոյան հասան Երևան։ Քաղաքը զարդարված էր դրոշակներով, գորգերով ու կանաչով։ Աստաֆյան փողոցը լցված էր բազմությամբ։ Փողոցի երկու կողմը շարքերով կանգնած էին զորքերը՝ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսները։ Հրամանատարի զեկուցումից հետո հնչեց երաժշտությունը և խանդավառ «կեցցե»–ն հազարավոր բերաններից։