Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանապարհը։ «Դոմիկ» չհասած, ճանապարհից շեղվում են, չիմանալով որ գնում են Ծաղկունք գյուղի ուղղությամբ։ Գիշերը սաստիկ բքի պատճառով քաղցից ուժասպառ կանայք մեռնում են։ Գարնանը անասնապահները գտնում են նրանց դիակները։

Նույն բախտին է արժանացել Քարեջանի Ղահրամանի կինը՝ Կատարը, որին Կտե էին ասում։ Նա էլ պիտի գնար Երևան՝ դստեր մոտ։ Կատարի ամուսինը գյուղի մատկարածն էր։ Երեկոյան մատակները տուն են գալիս, մատկարածը չկա։ Գյուղացիները մտածում են, որ ետ է մնացել կորած մատակին փնտրելու։ Հաջորդ օրը դաշտ են գնում և նրան գտնում մեռած։

Հեքոյի Մկոն (Մկրտիչը) հովիվ էր, ուներ 5-6 երեխա։ Սովը իր ոսկորոտ ձեռքն է մեկնել նաև այս ընտանիքին։ Կինը՝ Վարսիկը, գնում է կոլտնտեսության դաշտը հասկ հավաքելու։ Նկատում են ու բանտարկում։ Հենց այդ նույն օրը երեք տարեկան տղան սովից ուժասպառ ընկնում է թոնիրը և խեղդվում։ Նրան բանտից ժամկետից շուտ են ազատում, երեխաներին խնամելու համար։

Դաշտային աշխատանքների օրերին անասնապահներ Արամ Թովմասյանը և Վանո Մարտիրոսյանը սովից թուլանում են և չեն կարողանում գյուղ հասնել։ Դաշտում մահանում են։

ԱՆԽԻՂՃ ՀԱՆԴԱՊԱՀՆԵՐԸ

Համագյուղացիները շատ լավ են ճանաչում ռազմաճակատից վերադարձած հանդապահներին (նրանց զավակներին չվշտացնելու համար, անունները չի գրվում)։ Հանդապահները դաշտում շրջելիս տեսնում են, որ Բալկի Գրիգորի կինը՝ Հայկանուշը և Բալկի Աբգարի կինը՝ Արփենիկը ցորենի հասկ են հավաքել, ձեռքով ծեծել, լցրել են գրպաններն ու ծոցերը։ Հանդապահներին տեսնելով, ուզում են փախչել, չեն կարողանում։ Հանդապահները նրանց կանգնեցնելով, լկտի խոսքեր են ասել ու ծեծել։ Նրանց բանտարկում են։ Բանտից ազատվելով իրենց մահկանացուն են կնքում գյուղում։