— Մարե, մայրս ասաց...
— Գափս եմ,— ընդհատում է Մարեն։
Շտապ գնում է։
Մարեն գյուղի տատմերն էր։ Քանի՜-քանիսը պարտական են նրան հաջող ծննդի համար։
— Բարի կին էր, թեթև ձեռք ուներ,— ասում են գյուղացիները։ — Ինչ հիվանդի մոտենար, կլավանար։
Իսկապես, բարեգութ կին էր Իսկուհի մայրիկը։ Նվիրված գյուղի մեծին ու փոքրին։ Հիսունն անց էր, բայց պահպանել էր ջահել օրերի գեղեցկության հետքերը։ Քայլում էր թեթև։ Կեցվածքը շիտակ էր։ Խոսում էր քաղցրահունչ ձայնով։ Նրան լսելը հաճույք էր։ Սակայն մեծ փորձություններ էր անցել Մարեն։
Մի անգամ ես նրան խնդրեցի պատմել իր անցյալի մասին։ Իր տանն էի։ Չարձագանքեց։ Համառեցի։ Երկար լռությունից հետո խոսեց.
— Ամուսինս՝ Մաթևոսը, Սասանի Շատախ գյուղից էր, իսկ ես՝ Վանի Հայոց ձոր գյուղից։ 1915 թվականի գարնանը թուրքերը մեր գյուղի բնակչությանը կոտորեցին։ Քչերին հաջողվեց փախչել։ Մեր գերդաստանը բաղկացած էր 44 շնչից։ Մնացինք ես, ամուսինս՝ Մաթևոսը, որդիս՝ Մուրադը և մի փոքր տղա՝ մեր ազգից։ Ամուսինս ութ եղբայր ուներ։ Բոլորին սպանեցին։ Միակ քրոջը՝ նույնպես։ Եղբայրներից մեկը՝ Մանուկը. որ Վանի հատակ կազմակերպության անդամ էր, լսելով եղբայրների և քրոջ ողբերգական մահվան լուրը, ինքնասպան է լինում։ 1916 թվականին գաղթեցի Երևան։ Գաղթականների հետ էր նաև քրոջս ամուսինը՝ Հովհաննեսը (Բաբոն)։ Երկու-երեք շաբաթ Երևանի փողոցներում թափառելուց հետո, հանդիպեցինք դդմաշենցիներ Ջումշուդ Մարտիրոսյանին, Կնյազ Փանոսյանին և Մացակ Վարդանյանին։ Նրանք խորհուրդ տվին բնակության հաստատել Դդմաշենում։ Այդպես էլ արինք։
Մարեն մինչև իր մահը (1966թ.) գյուղի նորածինների մանկաբարձուհին էր (տատմերը)։ Աղջիկը՝ Արուսը, ծնված 1919թ. չէր մոռանում ծնողների պատմածները իրենց դժբախտ ընտանիքի մասին։ Այժմ էլ Մարեի թոռներն ու ծոռները բնակվում են գյուղում։ Նրա որդին՝ Մուրադը, Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրերին մեկնում է բանակ։ 1942-ին լուր է ստացվում, թե Մուրադ Մաթևոսյանը փախել է ծառայույթունից։
— Մուրադի դասալքության մասին լուր առնելուց հետո,— պատմում է կինը՝ Շաղեն.— շրջկենտրոնից մարդիկ եկան, գյուղի նախագահի, քարտուղարի, կատարածու Պողոս Հակոբյանի (Ցոցոյի) հետ մտան մեր տուն։ Ասացին, որ Մուրադի ընտանիքը պետք է աքսորվի։ Դեռ չէր լրացել մահացած աղջկաս յոթ օրը։ Սկսեցին տան գույքը հաշվառել։