Ամեն տարի, հաղթանակի օրը, Արզոն մի շիշ օղի վերցրած այցի է գնում Տեր-Հովհաննեսի շիրմին (նրա գերեզմանը այժմ էլ մնում է եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում) ու օղու շիշը հեղում է գերեզմանին...
— Ախր, բոլորը միասին գնացին, և տունս միանգամից դատարկվեց այս օղու շշի նման...
1. Մայիսը ստացած ծանր վերքերից մահացել է 1944 թվականի հունվարի 27-ին Կերչ քաղաքի մոտակայքում, Մայակի գյուղում։
2. Կայծերը անհայտ կորել է 1944թ. փետրվարին։
3. Վարդազարը անհայտ կորել է 1942թ. հունվարին։
4. Ռաֆիկը անհայտ կորել է 1941թ. դեկտեմբերին։
ԵՎ ԷԼԻ ՍՐԲԱՑԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ
ԱՐԱՄԱՅԻՍ ԵՆՈՔԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ամրակազմ, կանոնավոր դիմագծերով, ձիգ կեցվածքով, բարի աչքերով երիտասարդ էր։ Զինվորական ծառայությունն անցկացրեց Լենինականում։ Վերադարձավ գյուղ, ամուսնացավ, բնակարան կառուցեց։ Բայց, չգիտես ինչու, գյուղում երկար չմնաց։ 1935 թվականից աշխատում էր Երևանի մսի կոմբինատում։ Միայն արձակուրդներին էր գյուղ գալիս։ Գյուղում էլ նրան հասավ պատերազմի գույժը։ Հովհաննես և Արտակ եղբայրների հետ առաջին զորահավաքին մեկնեց հավաքակայան։ Արամայիսը երեք ամիս ծառայեց էջմիածնի գնդում։ Լսելով ամուսնու ռազմաճակատ մեկնելու մասին, կինը իր երկու և հինգ տարեկան փոքրիկներին առած գալիս է էջմիածին՝ ամուսնուն ճանապարհելու։ Հասնում են այն պահին, երբ մի մեծ խումբ զինվորականների հետ Արամայիսն էլ, նոր համազգեստ հագած, պատրաստվում է մեկնել ռազմաճակատ։ Դեռ չողջագուրված, երկու խոսք չփոխանակած, բաժանվում են։ Դա կնոջ և երեխաների հետ Արամայիսի վերջին հանդիպումն էր...
Սևանի զինվորական կոմիսարիատում պահվող հաշվառման գրքից տեղեկացանք, որ Արամայիս Ենոքի Թադևոսյանը անհայտ կորել է 1942 թվականի հունվարին։
Արամայիսի տղաները՝ Բեջանը և Նորիկը, խաղաղ պայմաններում կատարեցին իրենց զինվորական պարտքը։ Վերադարձան,