Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեդրակը սիրում էր սար ու ձոր չափչփել մեն-մենակ։ Երբ արեգակը մայր էր մտնում, մայրը բարձրանում էր տանիք, կանչում.

— (Սեդրա՛կ... Ո՞ւր ես, տղաս, տուն արի...

Այդ կանչը մնում էր Սեդրակի սրտում, երբ պատանի ու ցփնվոր դարձավ։

1939-ին մեկնեց պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Պոլտավայում։ Զորացրվելու օրերն էին։ Հիշում էր մոր կանչը.

— Սեդրա՜կ... Ո՞ւր ես, տղաս, տուն արի... Սկսվեց պատերազմը։ Պոլտավայի մարզի Սեմյոնովկա գյուղի մոտ մտավ գոտեմարտի։ Ինչ֊որ մեկը կանչեց.

— Մեզ շրջապատո՜ւմ են...

Հրաման եղավ.

— Ով ինչպես կարող է, թող դուրս գա շրջապատումից... Նահանջը՝ գրոհով միանգամից... Կհավաքվենք № գյուղում...

Վիրավոր Սեդրակը գերմարդկային ճիգերով, հաղթահարելով անտանելի ցավը, հրացանը ձեռքին գրոհի գնաց...

— ՈՒառռա՜ա...

Շատերն ընկան։ № գյուղում զորամասից ոչ ոք չկար։ Եկան գերմանացիները։ Թաքնվեց։ Բարեխիղճ տանտիրոջ օգնությամբ գիշերով դուրս եկավ գյուղից, միացավ պարտիզանական ջոկատին։ Շուտով մեր զորքերն անցան հարձակման։ Պարտիզանական ջոկատը թիկունքից հարվածելով ֆաշիստներին, միացավ մեր բանակին։ Սեդրակը վիրավոր էր։ Ուղարկեցին Եսենտուկի բուժման։ Այստեղ հանդիպեց համագյուղացի Կնյազ Սողոմոնյանին։

Ապաքինվելուց հետո, 1944 թվականի մայիսի 6-ին, Սեդրակին ուղարկեցին Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիա։

1944-ի գարնանը խորհրդային զորքերը կյանքի և մահու կռիվ էին մղում սևծովյան նավահանգստային քաղաքներն ազատագրելու համար։ Սևաստոպոլի մատույցներում Սեռակը հանդիպեց համագյուղացի Նիկոլայ Ավետիսյանին։ Զրուցեցին մինչև լուսաբաց։

Սկսվեց պայքարը Սևաստոպոլի ազատագրման համար։ Թշնամին օրհասական դիմադրություն էր ցույց տալիս։ Անընդհատ կրակի տակ էր այն զորամասը, որի կազմում կռվում էր Սեդրակը։

Գրոհի հրաման է տրվում։