Գնաց։ Զինկոմիսարիատի մոտ զորակոչիկները շարք կազմեցին։
Մի սպա մոտեցավ։
— Բոլոր տրակտորիստները մի քայլ առաջ գան։
Մի քայլ առաջ եկավ։
— Տանում են տանկիստ,— թիկունքից շշնջաց ինչ-որ մեկը։
Ետ չնայեց։
Տանկային դասակ կազմեցին։ Տարան զորավարժությունների։ Դաշտային պարապմունքների ժամանակ վիրավորվեց։ Ուղարկեցին Ծաղկաձոր՝ հոսպիտալ։ Առիթից օգտվելով՝ մի անգամ գյուղ եկավ։ Մտավ այգի։ Նկատեց, որ կտրված կոճղը ծլարձակել է։ Ուրախացավ. «Ես կապրեմ»։
Ռազմաճակատ մեկնեց որպես տանկի գնդացրորդ։ Ռոստով քաղաքի պաշտպանական մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց։ Մտովի այգին տեսավ ու ծլարձակած կոճղը։ Քմծիծաղ տվեց. «Չէ, այդ ես չեմ...»։
Բժշկասանիտարական գումարտակի բժիշկ Մակարովի ստորագրությամբ նամակ հասավ գյուղ. «Ձեր կարմիրբանակային որդին՝ Սիմոն Սենեքրրիմի Հակոբյանը վիրավորվել է 1941թ. դեկտեմբերի 21-ին և մահացել ծանր վերքերից։ Թաղված է Ռոստովի մարզի Բոդյանոյ բնակավայրի գերեզմանոցի հյուսիսային կողմում...»։
Զոհվեց նաև Սիմոնի Վանիկ եղբայրը։ Նա զորակոչվել էր 1941 թվականի հունիսի 23-ին։ Ծառայում էր 106-րդ հրաձգային դիվիզիայի 43-րդ գնդում, որպես դասակի հրամանատար։
Քաջ սպան ընկավ 1942թ. հունվարի 21-ին, Դանեցկի մարզի Կրասնի Լիմանի շրջանում տեղի ունեցած կատաղի մարտերում։ Թաղված է Կրասնի Լիմանի գերեզմանոցում։
Աթաբեկն ու Գագիկը վիրավոր վերադարձան։
ԴԵՌ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ, ԴԵՌ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ, ԴԵՌ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ՝ ԱՐԻ ՏՈՒՆ
Սեդրակը Պողոս Հակոբյանի մինուճար որդին էր։
— Երես են տալիս,— ասում էին հարևանները,— ինքնասածի կմեծանա։
— Ես իմ տղայի վրա երբեք ձեռք չեմ բարձրացնում, որ նվաստ չմեծանա։ Ծեծված երեխան մեկ նախանձ է լինում, մեկ էլ՝ ինքնապաշտ։
— Տեսնենք՝ ձեր երես տվածն ի՞նչ է դառնալու։