Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1942թ. օգոստոսին մասնակցեց Հյուսիային Կովկասի պաշտպանական, ապա՝ հարձակողական մարտերին։ 1943թ. հունվարին, վիրավորվելուց և ապաքինվելուց հետո, գրեց իր առաջին և, ավա՜ղ, վերջին նամակը, որը որպես թանկարժեք մասունք պահվում է Անդրանիկի եղբոր տանը։ «Հարգելի ծնողներ, եղբայրներ, չորս ամիս է, ձեզանից տեղեկություն չունեմ։ Գրում եմ, բայց պատասխան չեմ ստանում։ Ռազմաճակատից ստացա Հայրապետի գրած նամակը։ Գրել էր, որ Ավագը զոհվել է։ Իմացած եղեք, որ հանուն հայրենիքի զոհվելը փառք է։ Ես, որպես նրա փոքր եղբայրը, կաշխատեմ նրա վրեժը լուծել։ Իսկ եթե... չվերադառնամ, կնշանակի վրեժ լուծելու համար չեմ խնայել իմ արյունը։ Բարևներ հայրիկին, մայրիկին, Նազիկին, Մանուշակին և բոլորին»։

Աբովյանի շրջանային զինվորական կոմիսարիատում պահվող թիվ 9 գործի 47-րդ էջում գրված է. «Կարմիրբանակային Գարուշ Հովհաննեսի Հարությունյանը, ծնված 1923թ., 1943 թվականի օգոստոսից անհայտ կորել է»։

Անդրանիկն ու Սիմոնը պապիկներ են։ Անդրանիկն իր ավագ որդուն կոչել է Գարուշ, կորած եղբոր անունը հավերժացնելու համար։

ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատանի էր, երբ մահացան ծնողները։ Մեծացավ հորեղբոր՝ Հայրապետի ու նրա կնոջ խնամքի շնորհիվ։ 16-17 տարեկանից սկսեց աշատել։ Ուզում էր տուն-տեղ դնել, ամուսնանալ, չհասցրեց։ Սկսվեց պատերազմը։ Արարատը մեկնեց ռազմաճակատ։ Կռվում էր հայրենի գյուղի ու յուրայինների կարոտը սրտում։

52-րդ առանձին հրետանային գնդի հրետանավոր Արարատ Հովհաննիսյանը զոհվեց 1942թ. հունիսի 9-ին, Սևաստպոլ քաղաքի պաշտպանական կռիվներում, քսան տարեկան հասակում։ Թաղված է Սուբդալսկի լեռան ստորոտի եղբայրական գերեզմանոցում։

ԻՇԽԱՆ, Ո՞ՂՋ ԵՍ...

Իշխան Խուրշուդի Հովհաննիսյանը իր հասակակից Գարեգին Սողոմոնյանի հետ 1941 թվականի հուլիսի 20-ին զորակոչվեց զինվորական ծառայության։ Միասին ծառայեցին Նովոռոսիյսկի 79-րդ առանձին հրաձգային դիվիզիայում, ապա մեկնեցին Սևաստոպոլ։

1942-ի հունիսին ֆաշիստական զորքերը մեծ կորուստների գնով մոտենում էին Սևաստոպոլին, որը պաշտպանվում էր օդից, ծովից, ցամաքից։ Իշխանն ու Գարեգինը մարտադաշտում էին։