ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մանկուց զրկվել է ծնողներից։ Պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Կարճատև դասընթացներում սովորելուց հետո ստացավ սերժանտի կոչում և նշանակվեց 320-րդ հրաձգային դիվիզիայի 481֊րդ հրաձգային գնդի ջոկատի հրամանատար։ Մասնակցեց Մոզդոկի, Կրասնոդարի, Ստավրոպոլի պաշտպանական մարտերին։
1942թ. դեկտեմբերին, մարտերից մեկի ժամանակ, հերոսաբար զոհվեց քսանմեկ տարեկան հասակում։ Թաղված է Ստավրոպոլի մարզի Օրջոնիկիձեի շրջանի Կրեչետովո բնակավայրի գերեզմանոցում։
ԳԵՐԱՍԻՄ ՄԵԼՔՈՆԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Ավարտեց գյուղի միջնակարգ դպրոցը։ 1941թ. դեկտեմբերին զորակոչվեց բանակ և ծառայեց նոր կազմավորվող Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 531-րդ հրետանային գնդում։ Առաջնակարգ նշանառու էր։ Մի անգամ չէ որ իր քաջարի ընկերների հետ, հակատանկային հրացանի դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու բնագծերը։
1942 թվականի սեպտեմբերին, Թերեքի տարածքում մղվող կռիվների ժամանակ հրանոթային անձնակազմը մարտական առաջադրանք է ստանում ոչնչացնել, շարքից հանել թշնամու ամրությունները։ Հայ զինվորները ոչնչացնելով թշնամու գերազանց ուժերը, առաջ են շարժվում։ Հարձակողական մարտերից մեկի ժամանակ, 1942թ. սեպտեմբերին, 21 տարեկան հասակում, հերոսի մահով ընկնում է Գերասիմը: Թաղված է Ալեքսանդրովկա քաղաքի գերեզմանոցում։ Գերասիմի ավագ եղբայրը՝ Արտաշը, պատերազմից վերադարձավ ու գյուղում մահացավ վերքերից չապաքինված։
ՌՈՒԲԵՆ ԲԱՂԴԱՍԱՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հողի աշխատավոր էր և գթառատ հայր։ Յոթ զավակ ուներ։ Ծառայեց Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 531-րդ հրետանային գնդում։ 1943թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թամանյան թերակդզու թեժ մարտերը տեղափոխվեցին Կերչի մատույցները։ Այստեղից հուսացող նամակ ուղարկեց կնոջը. « Պայծառ ջան, իմացա, որ տղային՝ Սերյոժային էլ են զորակոչել։ Ինձ նամակ էր գրել։ Հոր հետքերով է գնում։ Վատ չէ։ Բարեհաջող անցանք Կերչի նեղուցը։ Տեսնենք ի՞նչ է լինելու վաղը։ Բարևում եմ բոլորիդ»։