Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅԿԱԶ ԳԱԼՈՒՍՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայրը՝ Ղուդեի Գալոն, տարիներ շարունակ ապրել և աշխատել էր Բաքվում։ Ամուսնացել էր ղարաբաղցի մի աղջկա հետ։ Հայկազը նրանց առաջնեկն էր։ Տղան մեծացավ, կրթություն ստացավ Բաքվի հայկական դպրոցներից մեկում և վերադարձավ հայրենի գյուղ։ Հայկազը հորից սովորել էր թիթեղագործի արհեստը, բայց ավելի շատ զբաղվում էր հողագործությամբ ու անասնապահությամբ։ 1938 թվականին Հայկազն աշխատեց Սևանհէկ-ի ավտոպարկում որպես մեխանիկ-փականագործ։

Պատերազմի առաջին օրերին մեկնեց բանակ։ Վարորդ էր 409-րդ դիվիզիայի ավտովաշտում։ Զինամթերք էր հասցնում կրակակետերը։ 1943 թվականի վերջերից դադարեց նամակագրական կապը։ Հայկազը նույնպես համարվում է անհայտ կորած։

ԵՂԻՇԵ ԽԵՉՈՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մանվելը, Վազգենը և Կիման մինչև օրս պահում են իրենց հոր աշխատանքային գրքույկը, որտեղ գրված է. «ԲԳԿԲ կանչվելու պատճառով ազատված է աշխատանքից 1941թ. հունիսի 23-ին»։

1929թ. Եղիշեն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Զորամասը Քանաքեռում էր։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ՆԳ բաժնում, որպես շարքային միլիցիոներ։ Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Երևան, աշխատում է ձուլող բանվոր՝ հաստոցաշինական գործարանում։

1941թ. սեպտեմբերի 6-ին մեկնում է ռազմաճակատ։ Հրետանավոր էր։ Ռազմաճակատից ուղարկված առաջին և վերջին նամակում կնոջը գրում է. «Շուշիկ ջան, ես լավ եմ, ընկերներս ռուս են։ Միմյանց քաջալերում, հուսադրում ենք ու կռվում։ Թշնամին երբեք մեզ չի հաղթի։ Երեխաներին լավ պահիր։ Եղիշե»։ Թշնամին, իրոք, չհաղթեց, բայց Եղիշեն չվերադարձավ։ Անհայտ կորել է 1943 թվականին։

ԱՍԱՏՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱԵԼՔՈՆՅԱՆ

1940 թվական։ Ամառ էր։ Հունիս։ Ասատուրը հասունության ատեստատ ստացավ, իսկ հոկտեմբերի 9-ին՝ ծանուցագիր։ Մեկնեց պարտադիր զինվորական ծառայության։ Ավագ եղբայրը՝ Խորենը, մի ոտքը կորցրել էր 1918 թվականին՝ հայ-թուրքական կռիվների ժամանակ, Արևմտյան Հայաստանի Սարիղամիշ քաղաքի տարածքում։