Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սևան քաղաքի բնակիչ Լևոն Մուրադյանը հիշում է. «1940թ. մայիսից աշխատում էի Դդմաշենի կոլտնտեսությունում։ Նույն թվականի հոկտեմբերի 15-ին մեկնեցինք բանակ։ Ինձ հետ էին Ասատուրը և Աղվանը։ Աղվանը հիանալի երգում ու նվագում էր։ Մեզ տեղափոխեցին Կամենսկ-Պոդոլսկ։ Այստեղ զորավարժություններ էինք անցկացնում մինչև 1941-ի ապրիլը։ Ասատուրը հեծելազորային դիվիզիայի ամենաակտիվ հեծյալներից էր։ Մեզ տեղափոխեցին Բեսարաբիայի Հարցիս ավան։ Պատերազմն սկսվեց։ Հսկայական ջանքերի գնով մի կերպ կասեցնում էինք թշնամու առաջխաղացումը, — շարունակում է Մուրադյանը,— երբեմն նահանջի հրաման էինք ստանում։ Ասատուրը վիրավորվեց, բուժվեց և նորից մեկնեց ռազմաճակատ»։

1943-ի նոյեմբերից դադարում են Ասատուրի մասին տեղեկությունները։

ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻՇԱՅԻ ՍԵԼՔՈՆՅԱՆ

Ընդամենը յոթ տարի սովորեց դպրոցում։ 1939 թվականի հոկտեմբերին զորակոչվեց բանակ։ Մասնակցեց ֆիննական պատերազմին, ապա տեղափոխվեց էստոնիա։ Կադրային զինվորական էր, ավագ սերժանտի կոչումով։ Սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։ Կռվեց տարբեր ռազմաճակատներում։ 1941 թվականի հոկտեմբերին, ծնողներին գրած վերջին նամակում հայտնում է. «Սիրելի ծնողներ, ես լավ եմ, վեցերորդ ամիսն է, ինչ գտնվում եմ ռազմաճակատի առաջին գծում։ Անցնում ենք կրակների միջով, ավեր ու մահ, սպանվածներ ու վիրավորներ, հրդեհված գյուղեր ու քաղաքներ։ Համոզված ենք, որ մենք կհաղթենք։ Կարոտալի բարևներով ձեր որդի Վաղարշակ»։

Վաղարշակը պատերազմի ավարտը չտեսավ, անհայտ կորավ 1942-ի ձմռանը։

ԿԱՐՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՍԵԼՔՈՆՅԱՆ

(Կուզոյ Կարոն)

Ծանր մանկություն ու պատանեկություն ունեցավ։ Յոթ տարեկան էր, զրկվեց ծնողներից։ Մնաց հարազատների ու բարեկամների խնամքին։ Աշխատեց գյուղի ձիթհանում։ Հարևանները պատմում են, որ Կարոն շատ ժամանակ գիշերներն անցկացնում էր ձիթհանում, իսկ երբեմն աշխատում գյուղացիների տներում։ Բարի, աշխատասեր, կենսուրախ մարդ էր։ Նոր էր տուն կառուցել։ Բազում երազանքներ ուներ, բայց վրա հասավ պատերազմը։ Գնաց ռազմաճակատ ու այդպես էլ չվերադարձավ։