Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրաձգային դիվիզիայի կապի գումարտակում։ 1942թ. դեկտեմբերին ծանր մարտեր էին մղվում Մոզդոկ քաղաքի շրջակայքում։ Զորամասի ստորաբաժանումների կապը կտրվեց։ Վերականգնելու հանձնարարություն ստացավ Սարգիսը։ Մարտական առաջադրանքը կատարելիս վիրավորվեց։ Ապաքինվեց դիվիզիայի սանմասում, կրկին վերադարձավ զորամաս։ Մարտեր մղելով, հասավ Կիրովոգրադ։ Այստեղ մի գրոհի ժամանակ կտրվեց պատանու կյանքի թելը։

Սարգսի ավագ եղբայրը՝ Խաչատուրը կռվել է նույն դիվիզիայի ստորաբաժանումներից մեկում։ Գերության սարսափների մեջ հիշում էր կրտսեր եղբորն ու դառը մորմոքում։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՍԱՅԱԴՅԱՆ

Քաղցրաշենի կոլտնտեսությունում այգեգործ էր, ջրվոր, այգեգորածական բրիգադի բրիգադավար։ Տասնամյա կրթություն ուներ։ 1941թ. հուլիսին զորակոչվեց բանակ։ Սովորեց Թիֆլիսի զինվորական հետևակային ուսումնարանում։ Ստացավ կրտսեր լեյտենատի կոչում, մեկնեց ռազմաճակատ։ Մինչև 1945 թվականի գարնանը նամակներ էր գրում ռազմաճակատից, վերջին նամակը ուղարկեց Գերմանիայից։ Զոհվեց 1945թ. փետրվարի 13-ին, Գերմանիայում։

ԱՂԱԲԵԿ ՂԱՀՐԱՄԱՆԻ ՍԱՖԱՐՅԱՆ

Աղաբեկը բատրակ էր գյուղի հարուստ մարդկանց մոտ։ Նրանց օգնությամբ տուն-տեղ դրեց։ Աշխատեց գյուղի կոլտնտեսությունում։ Նախրապահ էր։ Մեկնեց ռազմաճակատ։ 1941թ. դեկտեմբերին Կերչ քաղաքի պաշտպանական մարտերի ժամանակ անհայտ կորավ։

Կարճ ժամանակ անց մահացավ Աղաբեկի կինը։ Որդիները՝ Սոկրատն ու Վարդգեսը որբացան։ Նրանք հասակ առան Սևանի շրջկենտրոնի մանկատանը։ Կրթություն ստացան։ Այժմ աշխատում են տարբեր մասնագիտություններով։

ՀԱՅՐԱՊԵՏ ԲԱԼԱԲԵԿԻ ՍԱՖԱՐՅԱՆ

Գյուղում անասնապահ է աշխատել Հայրապետը։ Մի խումբ ազգականների ու գյուղացիների հետ 1941թ. հունիսին մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է Հայկական 89-րդ դիվիզիայի 409-րդ գնդում։

Զինվորական կոմիսարիատում պահվող հաշվառման գրքում գրված է. «Անհայտ կորել է 1943թ. հունիսին»։