Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՐԻԲԵԿ ԳՐԻԳՈՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Զինվորական ծառայության մեկնեց պատերազմի առաջին իսկ օրերին։ Կարճատև զինավարժությունների մասնակցեց Քանաքեռում: 1941թ. հոկտեմբերից մեկնեց ռազմաճակատ։ Նրանից ստացվեց միայն մեկ նամակ։ Գրում էր. «... Զառո ջան, բոլորին հայտնիր, որ ես լավ եմ։ Հիմա ծառայում եմ նոր զորամասում։ Այստեղ բոլորը հայեր են։ Առայժմ ինձ նամակ չգրեք։ Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի։ Ձեր Սարիբեկ»։

1942թ. ապրիլին, 172-րդ հրաձգային դիվիզիայի բժշկասանիտարական 214-րդ գումարտակի հրամանատարական անձնակազմի կողմից ստորագրված գրության է ստացվում, որով հայտնում են, որ Սարիբեկ Գրիգորի Ստեփանյանը «1942թ. փետրվարի 8-ին վիրավորվել և ստացած ծանր վերքից մահացել է։ Թաղված է Սևաստոպոլ քաղաքի տարածքում գտնվող Մաքսիմովկա ամառանոցի «Կաշտանովսկայա ռոշչա» պուրակի եղբայրական գերեզմանոցում»։

ԱՂԱԲԵԿ ՍՏԵՓԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Յոթնամյա կրթություն ուներ։ Մեկնեց Երևան և աշխատանքի ընդունվեց տրամվայի պարկի հավաքակայանում։ Էլեկտրիկի մասնագիտություն ձեռք բերեց։

Զորակոչվեց։ Էջմիածնում կարճատև ծառայությունից հետո մեկնեց ռազմաճակատ։ Մինչև 1942 թվականի սկզբները նրանից նամակ էր ստացվում։ 1942թ, նոյեմբերից ոչ մի տեղեկություն չի եղել։

ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աշխատում էր կոլտնտեսության անասնապահական ֆերմայում։ Պատերազմի աոաջին օրվանից ծառայում էր ռուսական դիվիզիայում։ 1942 թվականի դեկտեմբերին տեղափոխվեց 89-րդ Հայկական դիվիզիայի 531-րդ հրաձգային գունդ։ Միշտ առաջին դիրքերում էր։ Կապավոր էր։ Հակառակորդի գնդակների սուլոցի տակ հասնում էր ամենավտանգավոր կետերը, վերականգում խափանված հեռախոսագծերը, ապահովում կապը զորամասերի միջև։ Խիզախ կապավորը զոհվեց 1943 թվականի դեկտեմբերին, Կերչ քաղաքի համար մղված մարտերում, 25 տարեկան հասակում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։